Ինչո՞ւ է կարտոֆիլ արտահանող Հայաստանը կանգնել կարտոֆիլի դեֆիցիտի առաջ․ պարզբանում է մասնագետը

Այս տարի նախորդի համեմատ Հայաստանում կարտոֆիլի պակաս կա, բայց հնարավոր կլինի դեֆիցիտ չունենալ մինչև գարուն։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։
«Կարտոֆիլը թանկացել է, և դա շղթայական բնույթ է կրում․ թանկացել են բենզինը, դիզվառելիքը, թունաքիմիկատները, ինչպես նաև պարարտանյութը։ Դա, բնականաբար, պետք է անդրադառնար կարտոֆիլի գնի վրա»,- հայտնեց նա։
Ըստ Բերբերյանի՝ եթե այն ժամանակ Արցախից էլ էր ՀՀ բերվում կարտոֆիլ, որը մշակվում էր հիմնականում Աղդամի շրջանում, ապա այժմ դա հնարավոր չէ, քանի որ տվյալ տարածքներն Ադրբեջանն է վերահսկոում։
Հարցին՝ հիմնականում ո՞ր երկրներից և ի՞նչ գնով ենք ներկրում կարտոֆիլ, Բերբերյանն ասաց․
«Մենք կարտոֆիլ ներկրում ենք հիմնականում Իրանից, նաև Վրաստանից։ Ընդ որում, Իրանի կարտոֆիլը համային հատկությունով շատ վատն է, սակայն ունի ապրանքային տեսք»։
Բերբերյանի խոսքով՝ Հայաստանը նույնպես կարող է լինել կարտոֆիլ արտահանող պետություն, օրինակ, այս տարի ՀՀ-ից 34 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն։
Մերի Գևորգյան