«Ազատություն՝ լռության դիմաց» գործարքը չաշխատեց․ գնդակը Տոնոյանի դաշտում է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի․ նախօրեին նման որոշում է կայացրել դատարանը։
Տոնոյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ երկու ՔՊ-ական պատգամավորներ ու Նիկոլ Փաշինյանին լոյալ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Նման իրավիճակներում լեգիտիմ էր ենթադրել, որ իշխանությունն առնվազն չի բացառել Տոնոյանին ազատ արձակելու հնարավորությունը, սակայն, ըստ ամենայնի, դոմինանտ է մնացել «վերևներում» արմատացած այն մոտեցումը, որ Տոնոյանը պատերազմի պարտության «մեղավոր» նշանակվելու ամենահարմար տարբերակն է։
Տեղին է հիշել, որ ՊՆ նախկին նախարարի փաստաբանական խումբն իր պաշտպանյալի անունից հանդես է եկել մի շարք հրապարակային հայտարարություններով, որոնց իմաստն այն էր, որ Տոնոյանը Փաշինյանին առաջարկում էր լռություն՝ իր ազատության դիմաց։
Նիկոլ Փաշինյանն այս պայմանը գուցե ընդուներ, եթե իշխանությունները շարունակվեր գտնվել անկայունության ռիսկերի ռեժիմում։ Բայց Տոնոյանի բախտն ակնհայտորեն չբերեց, որովհետև Հայաստանում հիմա միանգամայն այլ իրավիճակ է․ Փաշինյանին, կարծես թե, հաջողվել է կայունացնել իշխանությունը, նույնիսկ թևակոխել մի հանգրվան, որտեղ նա առարկայացնելու է ավտորիտար բրգաձև համակարգի ստեղծումը։ Կարճ ասած, Տոնոյանի հեռակա սպառնալիքները Փաշինյանին չեն վախեցրել ու հիմա գնդակը գտնվում է գեներալի դաշտում։
Վահրամ Բագրատյան