Բուժել են այսպես ասած՝ «Բեթմենի դիմակով» ծնված երեխային
Դեմքի վրա անսովոր բծով երեխան՝ Լունա Ֆենները ծնվել է 2019 թվականի մարտին՝ դեմքին «Բեթմենի դիմակ» հազվագյուտ բնածին արատով ՝ հսկա մելանոցիտային նևուսով։ Աղջկա մորը լրջորեն անհանգստացրել է հսկա խալ, ուստի դիմել է բժիշկների օգնությանը։ Աղջկան հետազոտելուց հետո պարզվել է, որ բացի էսթետիկ խնդրից, բնածին հետքը կարող է ուռուցքաբանական վտանգ ներկայացնել։
ԱՄՆ-ի բժիշկները չէին համարձակվում ստանձնել Լունայի բուժումը, քանի որ, ըստ նրանց կանխատեսումների, երեխան պետք է ենթարկվեր ավելի քան 70 վիրահատության ընդհանուր անզգայացման տակ, որին նույնիսկ մեծահասակ մարմինը դժվարությամբ է դիմանում:
Լունայի մայրը, սակայն, չի հանձնվել: Նա համացանցում բլոգ է բացել և արագորեն հանրաճանաչություն ձեռք բերել։ Հոգատար օգտատերերը ամեն օր հետևել են փոքրիկ աղջկա պատմությանը՝ առաջարկելով իրենց օգնությունն՝ աջակցելով Քերոլ Ֆեններին։
Կրասնոդարի ուռուցքաբաններն իմացել են այս զարմանահրաշ պատմության մասին և որոշել են բուժման հրավիրել փոքրիկ Լունային՝ առաջարկելով մորը ֆոտոդինամիկ անզգայացման մեթոդը։ Քերոլ Ֆենները սկզբում որոշումն ընդունելիս տատանվել էր, բայց դստերը փրկելու ցանկությունն ավելի ուժեղ էր: Ուստի 2020 թվականի վերջին Լունան և նրա մայրը տեղափոխվել էին Կրասնոդար։
Չնայած նրան, որ ԱՄՆ-ի համեմատ, որտեղ բուժումը գնահատվում էր կես մլն դոլար, Ռուսաստանում բուժման ծախսերը անհամեմատ էժան էին, այնուհանդերձ, անմատչելի էին փոքրիկի ծնողների համար: Բայց հրաշք տեղի ունեցավ. ամբողջ աշխարհից մարդիկ օգնեցին Լունային, որքան կարող էին, և մի քանի ամիս անց, այն բանից հետո, երբ աղջիկն ու մայրը մեկնեցին Կրասնոդար, անանուն բարերարը ամբողջությամբ վճարեց երեխայի բուժման համար: Ինչպես ասում են՝ աշխարհն առանց լավ մարդկանց չէ։
Մինչ օրս 3-ամյա Լունա Ֆենները 8 վիրահատության է ենթարկվել, ինչպես լազերային, այնպես էլ մաշկի փոխպատվաստում։ Վերջին պրոցեդուրան հաջողությամբ իրականացվել է հոկտեմբերին։ Երեխային մաշկային պատվաստում են կատարել ճակատին և երկու աչքերի տակ գտնվող կոպերին։ Կլինիկայի տնօրեն Անդրեյ Ալեքսուտկինը նշել է, որ ապաքինման գործընթացը, որը կտևի մի քանի շաբաթ, ցույց կտա, թե մոտ ապագայում լրացուցիչ բժշկական միջամտություններ կպահանջվեն, թե ոչ։
Ուռուցքաբանների կարծիքով՝ Լունան բավականին լավ է հաղթահարում բոլոր պրոցեդուրաները և սկսել է վազել ու ցատկել անզգայացումից ընդամենը երկու ժամ անց։ Այժմ փոքրիկին մնացել են ընդամենը մի քանի կոսմետիկ պրոցեդուրաներ՝ սպիները հարթելու համար, որից հետո նա կկարողանա վերադառնալ տուն՝ ԱՄՆ։