top of page

«ՀՀ-ում համակարգային կոռուպցիան ոչ թե վերացել, այլ փոխել է արտահայտման ձևը»․ Արման Բաբաջանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 27
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում համակարգային կոռուպցիան ոչ թե վերացել է, այլ փոխել է իր արտահայտման ձևը։ Իսկ ինչ վերաբերում է ցանցային կոռուպցիային, ապա դժվար է խոսել «ամենօրյա պայքարի» մասին մի երկրում, որտեղ կոռուպցիոն հանցագործություններով հայտնի անձինք շարունակում են տնօրինել համայնքներ, վերահսկել ֆինանսական և տնտեսական հոսքերը, կամ վերահաս դատավճիռների փոխարեն հնչում են հաշտության առաջարկներ։ Այս ամենը չի կարող անվանվել պայքար, առավել ևս՝ առաջնորդություն։ Պայքարը այն է, երբ պետությունը, ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին դիմադրությունների, կատարում է իր պարտքը՝ առանց զիջումների, առանց կուլիսային պայմանավորվածությունների և առանց ընտրողաբար մոտեցման։Եթե այսօր հնչում են հաղթական հայտարարություններ կոռուպցիայի իբր հաղթահարման մասին, ապա դա խոսում է այն մասին, որ կամ իշխանությունը չի գիտակցում, չի տիրապետում իրավիճակի խորությունը, կամ արդեն հարմարվել է այդ նույն կոռուպցիոն կառույցների գոյությանը՝ համարելով դրանք «նորմալ»։Եվ հենց սա է խնդրի քաղաքական էությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող ենթարկվել քաղաքական հարմարությանը։ Այն կամ լինում է անզիջում, կամ վերածվում է անվերջ ճամարտակության։ Այն պահին, երբ պետությունը հրաժարվում է իր համակարգը մաքրել հին և նոր կապերից, այն կլանվում է այդ համակարգի կողմից։ Իսկ եթե այդ ամենը զարդարվում է բարձրագոչ խոսքերով, ապա հասարակությունը կանգնում է առավել վտանգավոր սպառնալիքի առաջ՝ կեղծ վստահության, որտեղ թալանը լեգիտիմացվում է լռությամբ, իսկ անպատժելիությունը կոծկվում է հայտնի լրատվականի ռեպորտաժներով։Ուստի, իրական պայքարը սկսվում է այն պահին, երբ չի հնչում «հաղթել ենք» արտահայտությունը։ Երբ պետությունը գիտակցում է, որ կոռուպցիան ինքնավերարտադրվող համակարգ է, և դրա դեմ պայքարը մշտական վիճակ է, ոչ թե հաղթանակի վերածված գործընթաց։ Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր նման հայտարարություն պետք է ընկալել ոչ թե որպես ձեռքբերում, այլ որպես զգոնության ահազանգ»։ Որովհետև կոռուպցիան սիրում է ամենից շատ այն իշխանություններին, որոնք ասում են՝ «կոռուպցիա այլևս չկա»։

1/2505
bottom of page