top of page

Զինվորի ընտանիքն ահազանգել է․ ՄԻՊ-ից արագ արձագանքման այց են իրականացրել հոսպիտալ

  • 4 days ago
  • 1 min read

 Մարտի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։



Այցը պայմանավորված է եղել զինծառայողի ընտանիքի անդամից ստացված ահազանգով, որը վերաբերում էր զինծառայողի առողջական վիճակին, բուժօգնության կազմակերպմանը և նրա իրավունքների ապահովմանը։



Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ։ Քննարկվել են բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող բուժօգնության, ինչպես նաև՝ զինծառայողի առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցեր։ 


Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները նաև առանձնազրույց են ունեցել  զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է իր մտահոգությունները առողջական խնդիրների վերաբերյալ։ 



Բարձրացված հարցերը տեղում քննարկվել են բուժանձնակազմի հետ՝ անհրաժեշտ բժշկական հետազոտությունների կազմակերպման և բուժման հետագա ընթացքը հստակեցնելու նպատակով։


Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերի պատշաճ հասցեավորման և համապատասխան լուծումների ապահովման ուղղությամբ։


Զինծառայողին առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում է։ Նրա առողջական վիճակը և բժշկական օգնության տրամադրմանն առնչվող հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են։



«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։


Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am», - իրազեկում են պաշտպանի գրասենյակից։

bottom of page