Ինչպե՞ս է Սիրիայի հայ համայնքը ներքին բախումների ֆոնին
- Lilit
- 1 day ago
- 1 min read

Հուլիսի 13-ին համաշխարհային լրատվամիջոցները ողողվեցին Սիրիայի հարավում գտնվող աս-Սուեյդա նահանգում դրուզ բնակավայրերի վրա զինված խմբավորումների հարձակման մասին լուրերով: Պարզվել էր, որ Սիրիայի տարբեր հատվածներից աս-Սուեյդայի շրջան ժամանած բեդվինները մուտք են գործել դրուզներով բնակեցված թաղամասեր: Դրուզ ինքնապաշտպանության ստորաբաժանումները մարտնչեցին քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:
Հուլիսի 15-ին Դամասկոսը հայտարարեց տուժած տարածքներ զորքերի և ոստիկանական ուժերի մուտքի մասին: Գործողության նպատակը, ըստ որոշ տեղեկությունների, անօրինական խմբավորումներից մաքրումն էր: Աս-Սուեյդայում, ըստ ԶԼՄ–ների, բախումների արդյունքում զոհվել է ավելի քան հազար մարդ, մի քանի հազար մարդ վիրավորվել է, ավելի քան 2000 ընտանիք փախել է հարևան նահանգ։
Կապ հաստատելով Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ, հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է այժմ Սիրիայում, և արդյո՞ք հայ համայնքը տուժել է վերջին բախումներից։
«Բարեբախտաբար, հայերով բնակեցված համայնքներից հեռու են եղել բախումները, բայց, բնականաբար, անհանգստություն կա, քանի որ Սիրիայում չեն դադարում ներքին հակամարտությունները, ներքին հակասությունները»,– նշեց մեր զրուցակիցը։
Սիրիահայ մեր զրուցակցի փոխանցմամբ՝ հայաշատ Հալեպում այս պահին հանգիստ է, քրիստոնյաների հանդեպ խտրական վերաբերմունք չկա։ Նա ընդգծեց՝ Հալեպում ո՛չ միայն քրիստոնյաների հանդեպ խտրական վերաբերմունք չկա, այլ նաև շիաների, դրուզների հանդեպ նույնպես։
«Սիրիայի ծայրամասային շրջաններում շատ վատ վիճակ է, մարդիկ ահաբեկված են, անընդհատ բախումներ են լինում… բոլորն էլ Սիրիայի քաղաքացիներ են, մի մասը՝ դրուզներն են, որոնք ֆինանսավորվում են Իսրայելի կողմից ու համակիր են Իսրայելի իշխանությանը, մյուս կողմից էլ՝ սիրիացի արաբներն են, մահմեդականները»,– նշեց մեր զրուցակից սիրիահայը՝ հավելելով, որ իրավիճակը դեռ հանդարտ չէ։