top of page

«Իրավունք». «Փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը»


«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքացիները շարունակում են չհամակերպվել ու բոյկոտել՝ մեծ աղմուկ բարձրացրած հանրային տրանսպորտի թանկացմանը: Սակայն, ինչպես հայտարարել է, Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ավտոբուսներում լինելու են հսկիչներ եւ հարկ եղած դեպքում՝ կտուգանեն կարգազանց քաղաքացիներին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է Սահմանադրական եւ վարչական իրավունքների մասնագետ, իրավագետ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ՝ հետաքրքրվելով, թե հսկիչն ունի՞ տուգանելու իրավունք եւ որքա՞ն տուգանքի մասին է խոսքը:

Մեր զրուցակիցը նախ ընդգծեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք՝ փոխադրման միջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։

«Հսկիչն, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի տուգանել քաղաքացուն տոմսի արժեքի կրկնակիի չափով, բայց քանզի առկա է բազմարժեք տոմսային համակարգ, պետք է ընտրվի նվազագույն արժեքը` 150 դրամը, այսինքն՝ տուգանքի չափը չպիտի գերազանցի 300 դրամը: Իր հերթին, վարչարարությունը չպետք է լինի Սահմանադրության եւ օրենսդրության խախտմամբ, պիտի ապահովվի քաղաքացիների` լսված լինելու իրավունքը, պատշաճ վարչարարություն պիտի իրականացվի, ինչը, հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված տարատեսակ ձախողված վարչարարությունների փորձը, չի իրականացվելու` հանգեցնելով կիրառված տուգանքների անվավերության հիմքերի առաջացման», - շեշտեց իրավագետը»:

1/2283
bottom of page