Մենք Ռուսաստանի դերը տարածաշրջանում դիտարկում ենք որպես չափազանց անօգուտ միջամտություն. Դոչերտի
- Lilit

- Mar 21, 2024
- 1 min read

Մենք Ռուսաստանի դերը տարածաշրջանում դիտարկում ենք որպես ոչ այլ ինչ, քան չափազանց անօգուտ միջամտություն։ Գործնական փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանը անպետք ու անվստահելի դաշնակից է։ Այս մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Միջազգային աջակցություն Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Լեո Դոչերտին։
«Խաղաղ գործընթացի վերաբերյալ անցյալ սեպտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում ես երկու կողմերին կոչ արեցի վերադառնալ երկխոսության և ապահովել անարգել մարդասիրական հասանելիությունը խոցելի մարդկանց և համայնքներին, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից»,- ասել է նա:
Դոչերտին նշել է, որ անցած նոյեմբերին այցելել է Երևան և Բաքու, որտեղ հանդիպել է երկու երկրների ղեկավարների և արտգործնախարարների հետ և կոչ արել նրանց կառուցողականորեն մասնակցել միջազգային միջնորդությամբ բանակցություններին՝ համաձայնության հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
«Ես ուրախ էի, որ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը հանդիպեցին Մյունխենում անցած ամիս անվտանգության համաժողովում, և որ նրանց արտաքին գործերի նախարարները Բեռլինում փետրվարի վերջին հանդիպում անցկացրեցին։ Մենք շարունակում ենք եռանդով աշխատել դիվանագիտական ճակատում»,- նշել է բրիտանացի նախարարը։
«Ես ոգևորված եմ երկու կողմերի բաց լինելուց՝ շարունակելու քննարկումները և ճանաչելու և ողջունելու միջազգային աջակցության առաջարկները: Մենք, Եվրոպայում և Ատլանտյան օվկիանոսից այն կողմ մեր դաշնակիցների հետ միասին, հավատարիմ ենք մնում նրանց աջակցելու խաղաղության ճանապարհին ամեն քայլափոխին: Կա իրատեսական գիտակցում, որ երկու առաջնորդների համար էլ հնարավորություն է ընձեռվում հասնելու իմաստալից և կայուն խաղաղության, և մենք պետք է լավատես լինենք այս հարցում: Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել մեր դիվանագիտության միջոցով»,- ասել է Դոչերտին։




















