Արարատ Միրզոյանի կինը Վենետիկում քննարկել է Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
- 1 day ago
- 1 min read

Հայկական ձեռնարկությունների եվրոպական շուկաներ մուտքի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում հուլիսի 20-ին Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում կայացել է աշխատանքային հանդիպում։ Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԿՈՆՖԱՊԻ Վենետիկի գործարարների միության նախագահ Մարկո Զեկկինելին, գլխավոր տնօրեն Նիկոլա Զանոնը և կառավարման խորհրդի անդամները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում հայկական արտադրանքի եվրոպական շուկաներում առաջխաղացման, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդման և նոր գործարար հնարավորությունների ստեղծման շուրջ։
Այնուհետև պատվիրակությանն ընդունել է Վենետիկի պրեֆեկտ Դարկո Պելլոսը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական և ինստիտուցիոնալ համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։




















