top of page

Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ ինչ զարգացումներ են սպասվում

  • 54 minutes ago
  • 1 min read

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») մայիսի 22-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից ծաղիկների ներկրման համար։ Գերատեսչության փոխանցմամբ՝ նման որոշման պատճառ է դարձել մատակարարվող խմբաքանակներում կարանտինային վնասատուների հայտնաբերման դեպքերի հաճախացումը։ Սահմանափակման մասին հայտարարվել էր մայիսի 21-ին։


Մինչ այս արգելքը Հայաստանը հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնություն ծաղիկներ մատակարարող առաջատար երկրներից մեկը՝ Նիդերլանդների և Բելառուսի հետ միասին։ 


ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Պյոտր Շչերբաչենկոյի տվյալներով՝ ռուսական շուկա ներմուծվող կակաչների ընդհանուր ծավալի 10%-ը բաժին է ընկնում հայկական արտադրանքին։ Հայաստանից հիմնականում արտահանվում էին վարդեր, մեխակներ, գերբերաներ և կակաչներ։


Վերջին տարիներին արտահանման ծավալները կտրուկ աճ էին գրանցել։ Ըստ ներկայացված վիճակագրության՝ 2025 թվականին Հայաստանից Ռուսաստան ծաղկի ընդհանուր մատակարարումները նախորդ տարիների համեմատ ավելացել էին հինգից վեց անգամ՝ կազմելով 96,2 միլիոն հատ ծաղկային արտադրանք։ Միայն 2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում արտահանվել էր 1217 տոննա ծաղիկ, ինչը 2,3 անգամ գերազանցում էր 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։


Համեմատության համար նշում են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականին երկրից ծաղիկների ընդհանուր արտահանումը կազմել էր փոքր-ինչ ավելի քան 15 միլիոն դոլար, որի մոտ 90%-ն ուղղվել էր ռուսական շուկա։


 2024 թվականին այդ ցուցանիշը հասել էր 32,1 միլիոն դոլարի՝ կազմելով Ռուսաստանի ծաղկի ընդհանուր ներմուծման ավելի քան 7%-ը։ 

bottom of page