top of page

Ավագ Ուրբաթը մեզ սովորեցնում է, որ փրկությունը սկսվում է ոչ թե մեր ուժից, այլ՝ մեր անկեղծությունից. Տեր Հեթում

  • 3 hours ago
  • 2 min read


Այսօր Մեծ Պահքի 46-րդ օրն է՝ Ավագ Ուրբաթ։ Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը նշում է՝ սա լռության, խաչի և խորագույն խորհրդի օրն է։

Տեր Հոր խոսքով՝ Ղուկասի Ավետարանի (22.1-65) այս հատվածը մեզ կանգնեցնում է մարդկային դավաճանության, վախի և միևնույն ժամանակ աստվածային սիրո անսահման խորության առաջ։

«Այս հատվածում տեսնում ենք, թե ինչպես է մարդը, որը կոչված է սիրելու, հեշտությամբ դառնում դավաճան։ Հուդան՝ ընտրվածներից մեկը, իր սրտում տեղ է տալիս խավարին։ Պետրոսը՝ ամենահավատարիմ թվացող աշակերտը, վախից երեք անգամ ուրանում է իր Վարդապետին։ Իսկ մյուսները ցրվում են։ Մարդկային բնությունը այստեղ մերկանում է՝ իր ամբողջ տկարությամբ։

Բայց այս ամենի մեջ առավել զարմանալի չէ մարդու անկումը, այլ Քրիստոսի լռությունը։

Քրիստոսը չի արդարանում, չի պայքարում Իր դեմ ուղղված անարդարության դեմ, չի փորձում խուսափել խաչից։ Նրա լռությունը պարտության լռություն չէ, այլ սիրո բարձրագույն արտահայտություն։ Դա այն լռությունն է, որով Աստված ընդունում է մարդու ազատությունը, երբ այդ ազատությունը վերածվում է մեղքի և դավաճանության։

Փիլիսոփայական իմաստով Ավագ Ուրբաթը մեզ հարց է տալիս․ ո՞վ է մարդը, երբ կանգնած է ճշմարտության առաջ։

Մենք հաճախ կարծում ենք, թե չարը դրսում է՝ ուրիշների մեջ, պատմության մեջ, հանգամանքներում։ Բայց Ավետարանը ցույց է տալիս, որ Հուդան, Պետրոսը և ամբոխը յուրաքանչյուրիս ներսում են։ Մեր մեջ կա և՛ դավաճանելու պատրաստ սիրտ, և՛ վախից ուրանալու միտք, և՛ ճշմարտությունից խուսափելու ցանկություն։

Սակայն Ավագ Ուրբաթի մեծագույն հայտնությունը այն է, որ Աստված չի հրաժարվում մարդուց, եւ երբ մարդը հրաժարվում է Աստծուց։

Խաչը դատաստան չէ միայն, այլ նաև հույս։ Այն ցույց է տալիս, որ սիրո ուժը գերազանցում է նույնիսկ դավաճանությանը։ Քրիստոսի լռությունը խոսում է ավելի բարձր, քան մեր բոլոր արդարացումները․ այն ասում է, որ Աստծո սերը չի պայմանավորվում մեր արժանիքով։

Այսօր, երբ խաչի առջև ենք կանգնած, մեզանից յուրաքանչյուրը հրավիրված է լռության մեջ նայել իր ներսը։

Հարցը սա է՝ արդյո՞ք ես ճանաչում եմ իմ ներսի Հուդային, իմ ներսի Պետրոսին և արդյո՞ք պատրաստ եմ ընդունել այն սերը, որ նույնիսկ իմ անկման մեջ ինձ չի լքում։

Ավագ Ուրբաթը մեզ սովորեցնում է, որ փրկությունը սկսվում է ոչ թե մեր ուժից, այլ մեր անկեղծությունից։

Երբ մարդը դադարում է արդարանալ և սկսում է տեսնել իր ճշմարիտ դեմքը, հենց այդտեղ է, որ խաչը դառնում է ոչ թե վերջ, այլ սկիզբ»,- նշել է Տեր Հեթումը։

bottom of page