top of page

Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ»

  • 1 hour ago
  • 2 min read

Տարիներ շարունակ միջազգային տարբեր ամբիոններից ընդդիմադիր գործիչները տարբեր հարցեր են բարձրաձայնել մեր երկրում այս կամ այն իշխանության կողմից ժողովրդավարության նորմերի խախտումների կամ այլ հարցերի վերաբերյալ: Այդպես եղել է բոլոր նախկին նախագահների օրոք: Ու թեպետ դա բնական է, նույնիսկ այդ դեպքում, այն ընդդիմադիրները, որոնք որոշակի «կարմիր գծեր» են հատել «դրսում», արժանացել են սուր քննադատության:

 

Սակայն տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէր տեսնել, որ պետության ղեկավարը կանգնի միջազգային որևէ ամբիոնի մոտ ու բողոքի, ավելի ստույգ՝ «բամբասի» Հայ առաքելական եկեղեցուց ու ընդդիմությունից: Փաշինյանը երեկ դա էլ արեց: «Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ՝ արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել»,- Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը: Այսինքն, նույնիսկ «դրսում» նա իրեն թույլ է տալիս օգտագործել «եկեղեցու փաստացի պետ», այլ ոչ թե Կաթողիկոս ձևակերպումը: Մշտապես հեգնական, դժգոհ, հարձակողական տոնով միջազգային հարթակներում Հայ եկեղեցու մասին խոսել են Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Հիմա նրանց միացել է Հայաստանի «փաստացի պետը»:

Ընդ որում, նա չի էլ թաքցրել իր «զայրույթի» հիմնական պատճառը, այն է՝ Հայաստանում շարժում էր սկսվել՝ «պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև, ըստ էության, ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը»: Ավելին, նա հստակ ուղերձ է տալիս Եվրոպային, որ Ղարաբաղի հարցը փակ է, ու ինքը թույլ չի տալու վերաբացումը: Այստեղ, իհարկե, նա չի մոռացել բողոքել նաև «հոգևորականներին աջակցող ընդդիմադիրներից»:

Հասկանալի է, որ Եվրոպական խորհրդարանում յուրատեսակ «հաշվետվության» ժամանակ պետք է հնչեին «ԿԳԲ-ի գործակալներ», «պատերազմի կուսակցություն», «Հայաստանի նախկին ղեկավարներ», «ռուսաստանաբնակ և բելառուսամետ օլիգարխներ» արտահայտությունները՝ կորզելու եվրոչինովնիկների ծափահարությունները (հոտնկայս չէ, այնպես, մի թեթև քաջալերող՝ «ապրես, նստիր, հինգ): Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին շատ է ցավեցրել, որ իրենց հովանավորող եվրոպացիների մոտ հաճախ ընդդիմադիր գործիչները բողոքում են, թե որքան է նա Հայաստանը հեռացրել ժողովրդավարությունից: Եվ ինքն էլ իր խոսքում հաստատում է դա. «Որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները և նրանց հետ փոխկապակցված որոշ լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում և միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Չգիտենք՝ կոնկրետ ում նկատի ունի, բայց ով կամ ովքեր էլ այդ ամենը բարձրաձայնած լինեն, կարծես թե որևէ սուտ բան չեն ասել:

bottom of page