top of page

ԱՄԻՕ բանկից պահանջում են 288 մլն դրամ. դատական հայց. «Ժողովուրդ»

  • 1 hour ago
  • 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան բանկային համակարգին առնչվող հերթական իրավական վեճը հասել է դատարան։ Խոսքը վերաբերում է 2016 թվականի օգոստոսի 12-ին կնքված «Երրորդ անձի իրավունքի գրավի պայմանագիր թիվ AG1600653» պայմանագրին, որը կնքվել է Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի (ներկայումս՝ ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ) և քաղաքացիներ Գաբրիել Չենբերջյանի ու Կարինե Ավդալյանի միջև։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված պայմանագիրը ներկայումս վիճարկվում է դատարանում, իսկ հայցվորները պահանջում են այն ճանաչել անվավեր՝ պնդելով, որ դրա հիմքով հետագայում իրականացված ֆինանսական գործողությունները վնասել են իրենց իրավունքները։

288,3 միլիոն դրամի փոխանցում

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ դատական գործի առանցքում գտնվում է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին իրականացված ֆինանսական գործողությունը։ Ըստ ներկայացված տվյալների՝ այդ օրը բանկը փոխարկել և փոխանցել է 288,300,000 ՀՀ դրամ՝ այն ուղղելով Կարինե Ավդալյանի սնանկության հատուկ հաշվին։

Հայցվորների պնդմամբ՝ այդ գործարքը կատարվել է վիճարկվող պայմանագրի հիման վրա։ Եթե դատարանը պայմանագիրը ճանաչի անվավեր, ապա պետք է վերանայվեն նաև դրա հիմքով իրականացված ֆինանսական գործողությունները։

6

Paused

Ինչ է պահանջվում դատարանից

Դատարանին ներկայացված պահանջներով հայցվորները խնդրում են՝


• անվավեր ճանաչել 12.08.2016 թ. կնքված պայմանագիրը,


• անվավեր ճանաչել նաև 05.10.2021 թ. իրականացված գումարի փոխանցման գործողությունները,


• և պարտավորեցնել բանկին վերադարձնել 288,300,000 դրամը։

Հայցը ներկայացվել է՝ հղում կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին։

Ո՞վ է Գաբրիել Չենբերջյանը

Գաբրիել Չեմբերջյանը «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Գաբրիել Ջեմբերջին է։ Նա մտերիմ հարաբերությունների մեջ եղել և մնում է ՀՀ բոլոր իշխանությունների հետ։ Նախկինում նա Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մտերիմն էր, իսկ հիմա վարչապետի տիկին (դեռ տեսանյութով բաժանված չէին) Աննա Հակոբյանի հետ է մտերիմ և «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործներից է։

Սպասվում է բանկի դիրքորոշումը

Այս գործը առաջացնում է մի շարք հարցեր բանկային գործելակերպի վերաբերյալ՝ հատկապես այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հաճախորդների հաշվից զգալի գումարների փոխանցմանը։

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄԻՕ ԲԱՆԿ ՓԲԸ-ին՝ խնդրելով պարզաբանել պայմանագրի կնքման իրավական հիմքերը, ինչպես նաև 2021 թվականին իրականացված 288,3 միլիոն դրամի փոխանցման հանգամանքները։

Բանկի պաշտոնական պատասխանը ստանալուց հետո այն կներկայացվի հանրությանը լրացուցիչ հրապարակման շրջանակում»։

bottom of page