«Լռությունը նշանակում է մոռացություն». ինչպե՞ս լուսաբանվեցին Բաքվում հայ գերիների դատավարությունները NEWS.am
- 21h
- 4 min read

Բաքվում ավարտվեց հայ գերիների նկատմամբ դատավարական ֆարսը, և 19 հայեր շարունակում են պահվել բանտում՝ արդեն ունենալով իրենց «դատավճիռները»: «Դատավարությունների» ժամանակ, երբ ադրբեջանական մամուլը պարբերաբար հրապարակում էր լուսանկարներ ու ինչ-որ տեղեկություն լսումներից, թեման շարունակում էր «ապրել» հանրային օրակարգում: Ի՞նչ պետք է անել, որպեսզի այս իրավիճակում հանրությունը չմոռանա գերիների մասին, արդյո՞ք ճիշտ է այդ մասին խոսելը, և ինչպիսին էր «դատավարությունների» լուսաբանումը հայկական մեդիայում: Այս թեմաների շուրջ NEWS.am-ը խոսել է հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ, Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի IDeA հիմնադրամի հաղորդակցության հարցերով տնօրեն Զոյա Բարսեղյանի հետ:
Տիկին Բարսեղյան, պարադոքսալ է հնչում, բայց Բաքվում դատավարական ֆարսի ավարտը կարող է ինչ-որ առումով տեղեկատվական խնդիր առաջացնել: Երբ մոտ մեկ տարի առաջ մեկնարկեցին լսումները և հրապարակվեցին գերիների առաջին լուսանկարները, հանրության արձագանքը բավականին էմոցիոնալ էր: Հետագայում ևս լսումներից լուսանկարների և տեղեկության հրապարակումը թույլ էր տալիս թեման հանրային օրակարգում պահել: Կան նաև տեսակետներ, որ գերիների մասին շատ պետք չէ խոսել, այլ պետք է գործել: Դուք, որպես հաղորդակցության մասնագետ, որը հետևում է նաև այս գործընթացներին, ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում:
Իմ մոտեցումն այն է, որ թեմայի մասին, հատկապես այս նոր փուլում, պետք է շարունակելխոսել ու բոլոր հնարավոր ձևերով այդ մասին բարձրաձայնել, քանի դեռ Բաքվում գեթ մեկ հայ կա:Դա ամենևին չի խանգարում գործելուն: Այս հարցը բազմիցս քննարկել ենք իրավապաշտպանների, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող մասնագետների ու հաղորդակցության մասնագետների հետ, և բոլորի կարծիքը նույնական է՝ լռությունը նշանակում է մոռացություն:Միջազգային պրակտիկան ևս այդ մասին է վկայում. հիշենք նույն Իսրայելիհետևողականությունն իրենց գերիների ազատ արձակման հարցում:
Նրանք, ովքեր կասեն, որ պետք է շատ չխոսել, չբարձրաձայնել, քանի որ դա օգուտ չի տալիս, կա՛մ սխալվում են, կա՛մ կանխամտածված կերպով ուզում են թեման մոռացության մատնել: Այնպես որ, որպես հաղորդակցության մասնագետ, նաև ձեզ եմ կոչ անում ցանկացած առիթ օգտագործել՝ թեման հնչեցնելու և հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցը չլուծված կարևոր մարդասիրական խնդիր է: Մենք չենք կարող մեզ հանգիստ, ապահով զգալ, ձև անել, թե մեզ հետ ոչինչ չի կատարվում, քանի դեռ այնտեղ ապօրինի կերպով հայեր են պահվում ու խոշտանգվում: Հատկապես որ, այդ երկրում դադարեցվել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գործունեությունը:
Գիտենք, որ հետևել ենք նաև դատավարությունների լուսաբանմանը: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս առումով:
Գործն ինքնին աննախադեպ է. մեր երկրի քաղաքացիները «դատվում են» ավտորիտար-բռնապետական երկրի կողմից, որտեղ ճնշումներ ու հետապնդումներ են իրականացվում սեփական քաղաքացիների նկատմամբ: Մինչև դատավարության մեկնարկը, ադրբեջանական լրատվամիջոցները գրում էին, թե «Նյուրնբերգյան պրոցես» է լինելու, բայց երբ լսումները մեկնարկեցին, և պարզվեց, որ բացի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունից, անգամ տեղական մյուս լրատվամիջոցները մուտք չեն կարող ունենալ դատարանի դահլիճ, իսկ միջազգային մեդիայի մասին խոսելն անգամ ավելորդ է, ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներում եղան անթաքույց դժգոհություններ, թե էլ ինչ Նյուրնբերգի մասին էիք խոսում:
Լսումների մասին կարճ լրատվությունը հրապարակվում էր ադրբեջանական տարբեր մեդիաներում, սակայն տարածվող լուսանկարներն ու կադրերը նույնն էին բոլոր լրատվամիջոցներում: Մենք, որպես մասնագետներ, շատ լավ հասկանում ենք, որ անհնար է, որ երկու լուսանկարիչ բոլորովին նույն կադրը ստանան: Դատական նիստերի մասին ավելի ծավալուն տեղեկանքը և մնացած լուսանկարները հրապարկվում էին երեկոյան ուշ՝ «Ազերթաջում», բնականաբար, ստուգումներից ու «ճշգրտումներից» հետո:
Ի դեպ, Ադրբեջանում տարբեր մակարդակով շատ են սիրում հիշատակել Նյուրնբերգյան դատավարության մասին՝ իրենց ֆարսին ինչ-որ նշանակության հաղորդելու միտումով, մինչդեռ դա միայն ի վնաս իրենց է: Նրանք հավանաբար տեղյակ չեն, որ Նյուրնբերգյան դատավարությանը ոչ միայն միջազգային դատավարական պրակտիկայի, այլ լրագրության պատմության մեջ է մնացել միջազգային լրագրողների մասնակցության աննախադեպ թվով. դատավարությանը 30-ից ավելի երկրիցմասնակցել է 300 -ից ավելի լրագրող:
Երբ մեկնարկեցին դատավարությունները, մեզ՝ լրագրողներիս ու լրատվամիջոցների համար հիմնական խնդիրներից էր, թե ինչպես լուսաբանել: Այն, որ պետք էր լուսաբանել, գոնե մեր խմբագրության համար քննարկման առարկա չէր, բայց ինչպես լուսաբանելը՝ այո, մասնագիտական տեսանկյունից հարց առաջացնում էր: Հիմա, երբ դատավարություններն ավարտվել են, որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում լուսաբանումը:
Դա, իրոք, հեշտ խնդիր չէ: Միջազգային լրագրության պատմության մեջ դժվար է հիշել դեպք, երբ մի երկրի քաղաքացիները դատվում են մեկ այլ երկրում, և այդ դատավարությունը ոչ միայն փակ է դատվողների քաղաքացիության երկրի լրատվամիջոցների, այլև միջազգային ու հենց այդ երկրի լրատվամիջոցների համար:
Գալով լուսաբանման ձևին, գործն իր առանձնահատուկ բնույթով իսկապես մարտահրավեր էր պարունակում մեր լրատվամիջոցների համար: Բայց, ելնելով լրագրողի և խմբագրի իմ նախկին փորձից, կարող եմ ասել, որ չկա իրավիճակ, որ հնարավոր չլինի կարգավորել լրագրողական մասնագիտական սկզբունքների և էթիկայի նորմերի շրջանակում: Սովորաբար, խնդրահարույց հարցերի շուրջ ձևավորվում է խմբագրական քաղաքականություն՝ ելնելով մասնագիտական էթիկայի նորմերից ու սկզբունքներից: Օրինակ, նույն Հայոց ցեղասպանության հարցում արևմտյան մի շարք խոշոր պարբերականներ ունեին հստակ քաղաքականություն և օգտագործում էին հենց այդ եզրույթը՝ անկախ նրանից, իրենց երկիրը ճանաչում էր ցեղասպանությունը, թե ոչ:
Պրոֆեսիոնալ լրագրողները միշտ էլ անհրաժեշտ բալանսը գտնում են: Այս պարագայում կարևոր էր թեման լուսաբանել՝ առանց տուրք տալու և դաշտ բերելու ադրբեջանական կեղծ նարատիվները, և հայկական լրատվամիջոցների գերակշիռ մասը հենց այդ ռազմավարությամբ էլ լուսաբանեց այն:
Ի պատիվ մեր լրատվամիջոցների, պետք է ասեմ, որ յուրաքանչյուրն իր ոճին ու ձևաչափին համապատասխան գտել էր լուսաբանման ճիշտ բալանսը: Լրահոս ապահովող մոտավորապես 25-30 հիմնական խոշոր լրատվամիջոցները (այսինքն՝ մեծ մասը) թեման լուսաբանել են մշտապես:
Բայց, կարծես, կան լրատվամիջոցներ, որոնք առհասարակ չեն լուսաբանել թեման: Օրինակ, այդ խնդիրը մենք բարձրացրեցինք Ազգային ժողովում, և հարց ուղղեցինք Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ պարզաբանում ստանալու, թե, օրինակ, ինչու Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում գերիների թեման:
Մոնիթորինգները ցույց են տալիս, որ հայաստանյան բոլոր լրատվամիջոցներնայս կամ այն կերպ անդրադարձել են թեմային: Պարզապես եղել են ակտիվ, միջին (հանգրվանային) և պասիվ լուսաբանումներ: Ինչպես վերը նշեցի, 25-30 խոշոր լրատվամիջոցներ ակտիվ լուսաբանել են թեման:
Հանրային հեռուստաընկերությունը պասիվ լուսաբանողներից է: Հանրայինի լրատվական թողարկումը բավականին ծավալունռեպորտաժով լուսաբանել էր դատավարության միայն մեկնարկը, իսկ հետո թեմային անդրադարձել միայն պաշտոնյաների արած հայտարարությունների շրջանակում: Եթե որևէ պաշտոնյա խոսել է գերիների թեմայի մասին, ապա նրանք կարճ հիշատակել են այդ մասին:
Ինչո՞վ էր առանձնանում մյուսների լուսաբանումը:
Թեման հիմնականում լուսաբանվում էր երկու-երեք ձևով: Ամենատարածված, և, ըստ իս, ամենաարդյունավետ ձևը, որն ընթերցողին, ունկնդրին կամ հեռուստադիտողին, այս իրավիճակում որքան հնարավոր է, ամբողջական տեղեկատվություն էր փոխանցում, այն էր , որ լրատվամիջոցները զուտ տեղեկատվական մասը վերցնում էին ադրբեջանական լրատվամիջոցներից (քանի որ այլ աղբյուր պարզապես չկար) և այն հանրայնացնում միաժամանակ փորձագետների, վերլուծաբանների գնահատականներով:
Լուսաբանման մյուս տարածված ձևը կարճ, չոր լրատվություն էր, և հետո, ավելի ուշ, փորձագիտական մեկնաբանություններն ու հարցազրույցները:
Բացի այդ, շատ լրատվամիջոցներ, առանց լսումների առիթի, հրապարակում էին առանձին հարցազրույցներ իրավապաշտպանների, փաստաբանների, տարբեր այլ մասնագետների, գերիների հարազատների, Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների հետ, կազմակերպում թեմատիկ քննարկումներ, բարձրաձայնում հարցը միջազգային հարթակներում կամ օտարերկրյա պաշտոնյաների այցերի ժամանակ:
Եթե ամփոփեմ, ապա կարելի է արձանագրել, որ հայկական լրատվամիջոցների կողմից ընտրվել էր «լուսաբանում՝ առանց ադրբեջանական բովանդակային կեղծ նարատիվները տարածելու» ձևաչափը, ինչն այս պարագայում պրոֆեսիոնալ մոտեցում էր:




















