top of page

«Փաստ». Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն, 2025 թվականի ընթացքում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 1,95 տրլն դրամ: Ընդ որում, ուշագրավ է, որ առաջատար տասնյակը վճարել է նշյալ գումարի մոտ 20 տոկոսը, չնայած որ 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ «լավագույն տասնյակի» վճարած հարկերը նվազել են մոտ 3,6 տոկոսով: Միևնույն ժամանակ 1000 խոշոր հարկատուների վճարած գումարի մոտ 47 տոկոսը վճարել են առաջին հիսնյակում գտնվող ընկերությունները:

Ցուցակի առաջատարը Մոբայլ սենթրն է, որին հաջորդում են «Գրանդ տոբակոն» ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ինչ վերաբերում է ոլորտային կառուցվածքին, ապա հիսնյակում տեղ է գտել միանգամից 8 բանկ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ակբա բանկ, Ինեկո բանկ, Յունիբանկ, Կենվերս բանկ, ԱյԴի բանկ, Էվոկաբանկ): Ինչպես միշտ, առաջատարների մեջ են նաև կապի երեք օպերատորները՝ Վիվա Արմենիա, Յուքոմ, Տելեկոմ Արմենիա:

Արտադրությամբ զբաղվող ընկերությունները լավագույն 50-ի մեջ 10-ն են, որոնցից երեքը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ (Գրանդ տոբակո, Ինթենեյշնլ Մասիս տաբակ, Սիգարոն): Հետաքրքիր է, որ առաջին հիսուն հարկատուների ցանկում սննդի արդյունաբերությամբ զբաղվող միայն երկու կազմակերպություն կա, որոնք վերջին տարիներին այս ոլորտի անփոփոխ առաջատարներն են: Խոսքը հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Քենդի» և մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Աթենք» ընկերությունների մասին է:

Ի հավելումն նշենք, որ հիսնյակում բավական զգալի տեղ են գրավում տարբեր ապրանքների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները:

bottom of page