«Փաստ». Ինչպես խուսափել իշխանությունների «ջրաղացին ջուր լցնելուց»
- Lilit

- 2 hours ago
- 2 min read

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ ակնհայտ է ու անվիճելի, որ լինելու է առնվազն երկու խոշոր բևեռ՝ իշխանություն և ընդդիմություն:
Իշխանության սեգմենտում, հասկանալի է, հանդես են գալու նաև «փաշինյանական դաշտում» գործող մի քանի փոքր կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք, ինչպես ցույց են տվել նախորդ ընտրությունները, այդ թվում՝ ՏԻՄ, 5 տոկոսի հնարավորություն չունեն: Առավելագույնը՝ 1-2, մաքսիմում՝ 3 տոկոս: Ու ընտրապայքարում ինչ-որ կերպ նրանց ներդրվելու խնդիրը ձայներ փոշիացնելն է կամ առավելագույնը ինչ-ինչ կեղծիքներով, «թվանկարչությամբ» յուրային սատելիտներից գոնե մեկին մի կերպ ԱԺ մտցնելը:
Երկրորդ բևեռում, հասկանալի է, իրական, արմատական ընդդիմությունն է: Խոսքն առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության և «Մեր ձևով» շարժման մասին է, ինչպես և մի քանի այլ կուսակցության, որոնք, հնարավոր է, հանդես գան դաշինքով:
Ի լրումն այս ամենի, ի հայտ է գալիս մի երրորդ կողմ, որը, կամա թե ակամա (ուզում ենք հուսալ, որ ակամա), աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին: Այս խումբն էլ, ի դեպ, պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել:
Մի մասը, ինչպես արդեն նշել ենք, «բոլորին դեմ» անընկալելի թեզով հանդես եկողներն են, այդ թվում՝ նաև այդ թեզը որպես «ինքնալուծարվող կուսակցություն» ձևավորելու հենք վերցրած նախաձեռնությունը: Ակնհայտ է, որ այն նորից ձայների փոշիացման հարց է լուծելու, ինչը ձեռնտու է բացառապես իշխանություններին: Թե ինչու է ձեռնտու, արդեն նախորդ հրապարակման մեջ նշել ենք:
Այս շարքի երկրորդ պայմանական խմբում նրանք են, որոնք քնել, քնել են, ապա ելել ու հայտարարում են, թե այս կամ այն գործիչը, ուժը չպիտի մասնակցեն ընտրություններին: Այս խումբն էլ հետաքրքիր է նրանով, որ թիրախավորում է հնարավոր հիմնական ուժերին ու գործիչներին, որոնք հաստատ անցողիկ շեմը հաղթահարող են, եթե չասենք՝ առնվազն միասնական ջանքերով հաղթող: Հնարավոր է՝ այլոց չմասնակցության մասին պնդողների նպատակն այն հույսն է, որ իրենց թիրախավորած գործիչների չմասնակցելը արդեն իրենց հնարավորություն կտա որոշակի տոկոսներ հավաքել:
Բայց նախ՝ դա ուղիղ գծով դեմ է ժողովրդավարության սկզբունքին:
Մյուս կողմից՝ դա հենց նիկոլական դիրքորոշում է: Ինչպես նշում են մի շարք փորձագետներ, չի բացառվում, որ այդ ճանապարհով կարող է գնալ Նիկոլ Փաշինյանը՝ ինչ-ինչ միջոցներով, Արևմուտքի անթաքույց ու ցինիկ աջակցությամբ արգելելով այս կամ այն ուժի մասնակցությունն առաջիկա ընտրություններին:
Իսկ առհասարակ, ոչ մեկը չի կարող ասել ու որոշել, թե ով առաջադրվի, ով չառաջադրվի: Տեսականորեն բոլոր նրանք, ովքեր ընտրվելու իրավունք ունեն, կարող են առաջադրվել: Ընտրողները կորոշեն, թե ում են ընտրում: Սա, իհարկե, այն պարագայում, եթե չհաշվենք իշխանությունների կողմից սպասվող ընտրակեղծիքների պարագան: Բայց դա այլ հարց է, որի դեմը պետք է առնել էլի միասնաբար, իսկ հիմա, ամեն պարագայում, կարծում ենք, չարժե տուրք տալ լատենտ իշխանական մոտեցումներին:




















