«Փաստ». Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ
- Lilit

- 9 hours ago
- 1 min read

«Փաստ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է առավել գործուն եղանակով կանխարգելել թմրանյութ օգտագործած վիճակում վարելու դեպքերը։
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:




















