Փարաքարի համայնքապետի սպանությունը փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է, սա հստակ ֆիքսված է. ՆԳ նախարար
- Lilit

- Nov 3
- 1 min read

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը վստահեցնում է՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյան սպանությունը փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է։
«Սա հստակ ֆիքսված է»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Նախարարը հերքեց լուրերը, թե սպանությունը քաղաքական մոտիվներ ունի։
«Այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը, դա, այո՛, եղել է փետրվարյան հանցագործության շարունակությունը»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ շարունակում են օպերատիվորեն աշխատել այս հանցագործության առումով, սպանության հիմնական կատարողը բացահայտվել է, անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։
Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:
Ողբերգական այս միջադեպը կապ ունի փետրվարին տեղի ունեցած սպանության հետ։ Փետրվարին Մերձավանի նախկին համայնքապետի՝ ՔՊ-ական Մհեր Ախտոյանի տան մոտ սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը, որը Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանն օժանդակելու համար մեղադրվող Նարեկ Օհանյանի եղբայրն է:
Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է




















