Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ կարող էր արագ պшյթեցնել «քարոզչական փուչիկը». փաստաբանը՝ Բագրատ Սրբազանի գործի մասին
- Lilit

- Sep 6
- 2 min read

Արդեն տեղեկացրել ենք, որ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասնակցությամբ հրապարակված հայտնի ձայնագրության մեջ նրա հետ զրուցող Հովհաննես Ավետիսյանը այսօր ասուլիս է հրավիրել՝ ներկայացնելու ձայնագրության վերաբերյալ իր պարզաբանումները։
Նշենք, որ Ավետիսյանը նույնիսկ որպես վկա ներգրավված չէ գործում, ինչին անդրադարձել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Խուդոյանը նկատել է, որ չնայած Ավետիսյանի անունը հիշատակվում է ամենասկանդալային զրույցի մեջ, նրան անգամ որպես վկա չեն հրավիրել քննչական կոմիտե:
«Պատկերացրեք, ամենասկանդալային կտորն է, երկու հոգի զրուցում են, բայց դրանցից մեկին՝ պարոն Ավետիսյանին, ոչ միայն չեն ձերբակալում, այլ անգամ հարցաքննության չեն կանչում։ Առաջին հայացքից տարօրինակ է թվում, բայց գործի նյութերը ուսումնասիրելուց պարզ է դառնում՝ քննչականը իր ձեռքի տակ ունի բոլոր օրիգինալ ձայնագրությունները և գիտի, որ եթե Ավետիսյանին կանչեն, նա կվկայի, որ խոսքը եղել է բացառապես խաղաղ անհնազանդության մասին»,- ասաց փաստաբանը։
Խուդոյանի խոսքով՝ հենց այս պատճառով Ավետիսյանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ նրա վկայությունը կարող էր արագ պայթեցնել «քարոզչական փուչիկը», թե իբր գործը վերաբերում է ահաբեկչության պլանավորմանը։
Իր հերթին Հովհաննես Ավետիսյանը ևս ընդգծեց, որ քննարկումները վերաբերում էին միայն խաղաղ միջոցներով պայքարին․
«Ես իմ գիտակից կյանքը ծառայել եմ պետությանը՝ բանակից սկսած մինչև պետական համակարգ։ Կրթություն եմ ստացել արտերկրում, բայց վերադարձել եմ Հայաստանի Հանրապետությունը ուժեղացնելու համար։ Ես երբեք սուտն ու կեղծիքը չեմ ընդունել։ Եթե իմ զրույցները կտրտում ու մոնտաժում են, դրանց կարող են տալ այլ բովանդակություն։ Բայց ամբողջական ձայնագրություններում պարզ երևում է՝ խոսքը եղել է խաղաղ անհնազանդության մասին։ Եթե դա պետք է քրեորեն պատժելի դառնա, թող օրենսգրքում հատուկ կետ ավելացնեն ու առաջին հերթին Նիկոլ Փաշինյանից սկսեն, ով մշտապես կոչ է արել հեղափոխություն անել»։
Ավետիսյանը նաև նշեց, որ պատրաստ է հրապարակել գործի նյութերում տեղ գտած նոր փաստաթղթերը, որտեղ ինքն անգամ քննչական մարմինների կողմից ներկայացված է որպես փորձագետ, և իր խոսքը վերաբերում է բացառապես ոչ բռնի պայքարի ձևերին։




















