«Մեզ ո՞վ է բանի տեղ դնում». ծաղիկ արտահանողները հուսահատ սպասում են, թե ե՞րբ է լուծվելու իրենց խնդիրը
- Lilit
- 1 day ago
- 1 min read

Ծաղկի արտահանման շուկայում անելանելի վիճակ է։ Պետության ոչ արդյունավետ քաղաղաքականության հետևանքով շուրջ 2 ամիս է դեպի ՌԴ ծաղիկ արտահանողները կանգնած են լրջագույն խնդրի առաջ։
Չնայած նրան, որ ՍԱՏՄ ղեկավարը 2 օր առաջ Մոսկվայում հանդիպում է ունեցել իր գործընկեր՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ, որի գլխավորած գերատեսչությունն էլ հենց արգելել է Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան, իրավիճակը կարգավորվելու փոխարեն գնալով ավելի սրվում է, քանի որ տնտեսվարողների կրած ֆինանսական վնասների չափը օր օրի մեծանում է։
զրույցում տնտեսվարողները նշում են՝ արդեն ամենաքիչը 4 մլն դրամի վնաս են կրել, ու թիվը օր օրի աճում է։
Տնտեսվարողներից մեկի խոսքով՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արդեն պատրաստ են ամեն ինչի, այդ թվում և բողոքի ակցիա կազմակերպելու, միայն թե խնդիրը լուծում ստանա և Կառավարությունն աչքաթող չանի իրենց դեմ ծառացած խնդիրները։
Մեր զրուցակիցը դիմել է իր համայնքի ղեկավարին, ասել են՝ հարցը քննարկման փուլում է, ամեն ինչ անում ենք, և այդ օրից անցել է շուրջ 15 օր՝ իրավիճակն անփոփոխ է։
Մեր մյուս զրուցակիցը նույնպես մտահոգություն հայտնեց, քանի որ, նրա խոսքով, դաշտը պատկանում է խոշոր ընկերություններին, իսկ փոքր ընկերությունները կամ անհատները շարունակում են իրենց թիկունքին չզգալ պետության պաշտպանությունը.
«Մեծ ջերմոցատերերին են թույլտվություն տվել, մեզ նման տանջվող գյուղացուն ո՞վ է բանի տեղ դնում։ Մենք սենց էլ վարի կգնանք։ Օրական ծաղիկ ենք թափում, սենց ո՞նց կլինի»,- և՛ վրդովված, և՛ մտահոգված նշեց նա։
Թե ե՞րբ խնդիրը լուծում կստանա՝ դժվար է ասել, քանի որ հստակ տվյալներ անգամ լիազոր մարմինները չեն փոխանցում, արդյունքում մարդիկ, ովքեր ծաղկի շուկայում գործունեություն են ծավալում, շարունակում են մնալ անորոշության մեջ և սպասել, թե Հայաստանի Հանրապետության համար ի՞նչ որոշում կկայացնի ՌԴ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2025-ի հունիսի 16-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա, որի արդյունքում տնտեսվարողները չեն կարողանում արտահանել ծաղիկները։