«Եկեք այսպես պայմանավորվենք․ ես կստորագրեմ կապիտուլյացիայի փաստաթուղթը, բայց ինձ կապիտուլյանտ չհամարեք»

«Մենք պետք է հասկացած լինեինք մի բան․ այն, ինչ ասում է Փաշինյանը՝ հստակ ձևակերպված նախադասություններով, հայացքի ու ձեռքերի վստահ շարժումներով ու համոզիչ արտահայտությամբ, կեղծ են ու սուտ։ Իսկ ընդհանրապես, ինչ ասել է՝ արել է հակառակը»,- մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու խոսույթը՝ զրույցում ասաց վերլուծաբան Կարեն Իսրայելյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ 2020 թվականին, երբ դեռ պատերազմը չէր ավարտվել, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց․ «Եկեք այսպես պայմանավորվենք. ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի»:
«Այսինքն՝ նույնն է, թե՝ «ես կստորագրեմ կապիտուլյացիայի փաստաթուղթը, բայց ես կապիտուլյանտ չեմ»։ Նույն հայտնի հայկական ասացվածքի պես՝ «եթե նույնիսկ թքեն մեր ճակատին, մենք կասենք ուխա՜յ, անձրև է գալիս»»,- մեջբերեց մեր զրուցակիցը։
Պատասխանելով Իլհամ Ալիևի` հունվարի 6-ին հնչեցրած սպառնալիքներին՝ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության առաջարկը հստակ է։ «Երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով, լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն»,- գրել էր Փաշինյանը:
Իսրայելյանի խոսքով՝ սա հերթական սպառնալիքն է Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին, միայն թե Փաշինյանը պետք է գրեր, որ սրանք ոչ թե Հայաստանի առաջարկներն են, այլ Ադրբեջանի:
«Նա ժողովրդին ահաբեկում է պատերազմով, ինչպես դրա մասին անկեղծ ասաց Կիրանց-Ոսկեպար գյուղերում՝ «սահմանազատումից» առաջ։ Սահմանադրությունը փոխելու առաջարկը ևս հնչել է Բաքվից, հիմա Մինսկի խումբը լուծարելու մասին է խոսում, որի մասին առաջին անգամ բարձրաձայնել է Ալիևը, այդպիսով վերջնականորեն փակելով Արցախի էջը։ Փաշինյանն ասում է, որ այս պահանջներն ինքը ստիպված է ընդունել, որովհետև կարող է պատերազմ սկսվի: Այսինքն՝ ամեն գնով հասնել խաղաղության, եթե անգամ զոհասեղանին քո երկրի պետականությունն է»,- հավելեց մեր զրուցակիցը։