top of page

Թոքի քաղցկեղ․ կախվա՞ծ է արդյոք հիվանդանալու ռիսկը սեռից

  • Dec 18, 2024
  • 4 min read

Թոքի քաղցկեղը (ԹՔ) ըստ մահացության զբաղեցնում է առաջին տեղը և աշխարհում, և Հայաստանում։ Շատերը կարծում են, որ այս հիվանդությունը հանդիպում է բացառապես արական սեռի մոտ: Իրո՞ք դա ճիշտ է: Ո՞վ է ավելի հաճախ հիվանդանում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 2,48 միլիոն նոր դեպք։ Դրանցից 1,57 միլիոնը տղամարդկանց մոտ է, 908 հազարը՝ կանանց։ Այսինքն՝ հարաբերակցությունը 1,7։1, մահացության ցուցանիշների դեպքում՝ համապատասխանաբար 1,233 մլն և 584 հազար (2,1:1) (Cancer Today, 2023):

Ավելին, շատ երկրներում կանանց մոտ նկատվում է թոքի քաղցկեղի դեպքերի աճ։ Այսպիսով, ԱՄՆ-ում կանանց մոտ ԹՔ-ի նոր հայտնաբերված դեպքերի թիվը գրեթե հավասար է տղամարդկանց մոտ հայտնաբերված դեպքերի թվին և շարունակում է աճել. եթե 2011-ին կանանց տեսակարար կշիռը ԹՔ-ով հիվանդացության մեջ կազմում էր 48%, ապա 2021թ. այն արդեն կազմում է 49,5% (Cancer Today, 2023): Իսկ մինչև 45 տարեկան տարիքային խմբում այս քաղցկեղը հիմնականում ավելի հաճախ է հայտնաբերվում կանանց մոտ։

Արդյո՞ք կա տարբերություն տղամարդկանց և կանանց համար ռիսկի գործոնների միջև

Ծխելը ռիսկի հիմնական գործոն է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար: Մի շարք գիտնականներ կարծում են, որ թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը ծխող կանանց համար ավելի բարձր է, քան ծխելու նույն պատմությունն ունեցող տղամարդկանց համար: Սա բացատրվում է տղամարդկանց և կանանց գենետիկական և մոլեկուլային տարբերություններով, որոնք ի հայտ են գալիս օրգանիզմում ծխախոտի բաղադրիչների փոխակերպման ժամանակ: Ոչ բոլոր գիտնականներն են համաձայն այս դիրքորոշման հետ, և խնդրի շուրջ հետազոտությունները շարունակվում են:

Պետք չէ մոռանալ պասիվ ծխելու վտանգի մասին․ պասիվ ծխելը և թոքի քաղցկեղը անքակտելիորեն կապված են. արտաշնչած ծխախոտի ծուխը քաղցկեղածին է։ Այդ պատճառով, ծխող ամուսինների կանայք, որոնք  հնազանդորեն դիմանում են ամուսնու ծխելուն, գտնվում են բարձր ռիսկային գոտում։


Բացի այդ, հայտնի է, որ գեների փոփոխությունները, որոնք հրահրում են ուռուցքի աճը, ավելի հաճախ են տեղի ունենում կանանց մոտ, քան տղամարդկանց. օրինակ, EGFR մուտացիաները նկատվում են մոտ 2 անգամ ավելի հաճախ կանանց մոտ, իսկ ALK-ի տրանսլոկացիան ընդհանուր առմամբ բնորոշ է երիտասարդ չծխող կանանց: Այնուամենայնիվ, դրանք կարող են հայտնաբերվել նաև մեծահասակ ծխողների մոտ:

Թոքի քաղցկեղի ախտանիշները տղամարդկանց և կանանց մոտ

Նախ, պետք է նշել, որ թոքի քաղցկեղը չունի պաթոգնոմոնիկ՝ այսինքն, միայն իրեն բնորոշ ախտանշաններ։ Դա նշանակում է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են դիտվել ինչպես թոքերի, այնպես էլ այլ օրգանների մի շարք հիվանդությունների ժամանակ։ Հիվանդության կլինիկական պատկերը որոշվում է ուռուցքի տեղակայմամբ (կենտրոնական կամ ծայրամասային), հյուսվածքաբանական տեսակով, որը կախված է  նրանից, թե ինչպիսի ուռուցքային բջիջներ կհայտնաբերվեն մանրադիտակի տակ, աճի արագությամբ և հեռավոր մետաստազների առկայությամբ:

Այսպիսով․ արական կամ իգական սեռը դեր չունի որոշակի ախտանիշների առաջացման հարցում:

Թոքի քաղցկեղի վտանգն այն է, որ այն երկար ժամանակ կարող է լինել անախտանիշ. բանն այն է, որ թոքերի ալվեոլները՝ շնչառական ապարատի վերջին հատվածը, որտեղ տեղի է ունենում գազի փոխանակումը, չեն պարունակում նյարդային վերջավորություններ: Այդ պատճառով նույնիսկ , եթե զարգանում է ուռուցք, մարդը ցավ չի զգում․ ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս, երբ ուռուցքը մեծ է․ փոքր չափերի ուռուցքը կարող է երկար ժամանակ որևէ գանգատ չառաջացնել: Բացի այդ, ախտանշանների ի հայտ գալը կախված է գոյացության տեղակայումից․ դա կարող է բացատրել այն փաստը, որ միայն 29.1% դեպքերում է ԹՔ հայտնաբերվում 1-2րդ փուլերում: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ ԹՔ-ի ռիսկային քմբում գտնվող անձինք պարբերաբար անցնեն հետազոտություն՝ ուռուցքը վաղ փուլում հայտնաբերելու համար:

ԹՔ-ի տեղական կամ առաջնային ախտանշաններ

Հաճախ ԹՔ-ի առաջին ախտանշանը հազն է, և դա սովորաբար առաջանում է, երբ ուռուցքը աճում է մեծ բրոնխից և գտնվում է կենտրոնում:


Սա հասկանալի է, քանի որ աճող ուռուցքը գրգռում է բրոնխի լորձաթաղանթի ընկալիչները, և օրգանիզմն այն ընկալում է որպես օտար մարմին, որը պետք է հեռացվի։ Դա առաջացնում է ռեֆլեկտոր հազ: Սովորաբար սկզբից առաջանում է միայն չոր հազ։ Աստիճանաբար հազը դառնում է ավելի ինտենսիվ, պարոքսիզմալ և համառ, և արդեն անհանգստացնում է  գիշերը: Ժամանակի ընթացքում, երբ ուռուցքը բավականաչափ մեծանում է և փակում է բրոնխը, հազի հետ մեկտեղ արտադրվում է սպիտակավուն կամ կանաչավուն խորխ։ Ցավոք սրտի, երբեմն բժիշկները հազը մեկնաբանում են որպես թոքաբորբ կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության սրացում, որն ունենում են բոլոր մոլի ծխողները: Այս ամենը նպաստում է նրան, որ պացիենտը կորցնում է ժամանակ․ հետաձգվում է ախտորոշումը և համապատասխան բուժումը։

ԹՔ-ով մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հիվանդի մոտ առաջին ախտանշանը արյունախխումն է կամ հազը: Արյունախխումը, ինչպես նաև հազը, ավելի հաճախ հանդիպում են թոքերի կենտրոնական քաղցկեղի ժամանակ։

Խորխի մեջ արյան հայտնվելը միշտ չէ, որ նշանակում է, որ մարդը թոքերի քաղցկեղ ունի. ինչպես արդեն նշվեց, շատ հիվանդություններ ունեն նմանատիպ ախտանշնաններ: Սակայն պետք է անպայման այցելել բժշկի՝ խորխի մեջ արյան առաջացման պատճառները հասկանալու համար։


Կրծքավանդակի ցավը ԹՔ-ի առաջին ախտանիշներից մեկն է: Այն կարող է լինել տարբեր ինտենսիվության, սովորաբար առաջանում է մի կողմից, այսինքն. այն կողմը, որտեղ գտնվում է ուռուցքը։ Ցավի պատճառը ուռուցքի ներաճն է պլևրալ խոռոչ, երբ այն գտնվում է թոքի ծայրամասային հատվածում, ինչպես նաև ուռուցքային պրոցեսի հետևանքով պլևրալ խոռոչում հեղուկի կուտակումը։

Բացի այդ, ԹՔ-ով տառապող մարդկանց մոտ կարող է լինել տարբեր ծանրության հևոց: Դրա աստիճանը կախված է ծայրամասային ուռուցքի չափից և կենտրոնական քաղցկեղում ախտահարված բրոնխի տրամաչափից:

Հազը, հեմոպտիզը՝ արյունախխումը, կրծքավանդակի ցավը և շնչահեղձությունը ԹՔ-ի առաջնային կամ տեղային ախտանիշներն են՝ կապված չարորակ ուռուցքի աճի հետ:

ԹՔ-ի երկրորդային ախտանիշները

Երբ առաջնային ուռուցքը աճում է դեպի հարեւան օրգաններ կամ մետաստազավորում է, կարող են ի հայտ գալ այսպես կոչված երկրորդային ախտանիշներ։

Եթե ​​չարորակ նորագոյացությունը գտնվում է ծայրամասում՝ թոքի գագաթում, ապա կարող է զարգանալ ախտանշանների համալիր, որը նկարագրվել է գրեթե 100 տարի առաջ ամերիկացի բժիշկ Հենրի Պանկոաստի կողմից: Այն ներառում է ուսի ցավ, նախաբազկի մկանների ատրոֆիա (ծավալի նվազում) և աչքի ախտանիշներ, ինչպիսիք են բիբի նեղացում, վերին կոպի կախվածություն և ակնագնդի անկում: Սա պայմանավորված է ուռուցքի կողմից բազկի նյարդերի սեղմմամբ և այսօր հազվադեպ է հանդիպում։

Միջնորմի ավշային հանգույցների զանգվածային ախտահարման դեպքում հնարավոր է վերին սիներակի (որը տեղափոխում է երակային արյունը մարմնի վերին կեսից դեպի սիրտ) սեղմում (վերին սիներակի սինդրոմ): Վերին սիներակի սինդրոմը արտահայտվում է մարմնի վերին մասերի ցիանոզով (մաշկը կապտում է), դեմքի, պարանոցի, ձեռքերի այտուցներով։

Եթե ուռուցքը սեղմում է/ներաճում է կարևոր նյարդեր՝ դիաֆրագմալ և հետդարձ նյարդերը, կարող են առաջանալ կուլ տալու հետ կապված խնդիրներ կամ խռպոտություն:

ԹՔ-ի ընդհանուր ախտանիշները

Բացի բուն ուռուցքի աճի և տարածման հետ կապված ախտանիշներից, հիվանդության հետագա փուլերում զարգանում են ընդհանուր ախտանշաններ՝ կապված քաղցկեղից առաջացած թունավորման հետ՝ ընդհանուր թուլություն, հոգնածություն, ախորժակի և քաշի կորուստ:

Ինչպես ավելի վաղ ասացինք, որոշ դեպքերում ԹՔ-ն լիովին ասիմպտոմատիկ է և հայտնաբերվում է պատահական՝ մի որևէ այլ խնդրի հետ կապված հետազոտության ժամանակ:

 
 
1/3232
bottom of page