Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին

ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդներն ու ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպումը նախաձեռնել է ՀՀ դեսպանությունը՝ Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը և գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնը։
Հայ հոգևոր առաջնորդների կազմում եղել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը և Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ, վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, երկու ժողովուրդների քրիստոնեական-քաղաքակրթական կապերը, կրոնական ազատությունները, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։
Կարևորվել է ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդումը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների դերն այդ գործընթացում։
Հանդիպման ընթացքում հայ հոգևոր առաջնորդները հավաքական աղոթք են հնչեցրել՝ Աստծո օրհնությունը հայցելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության ու ապագայի, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամության համար։
Աղոթքում հոգևոր առաջնորդներն անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանում հաստատված խաղաղության գործընթացում։




















