top of page

Միլիոնավոր դրամներ՝ թափառող կենդանիների ստերջացման համար. Հետք

1 day ago
2 min read

Հայաստանի մի շարք համայնքներ միլիոնավոր դրամներ են հատկացրել թափառող կենդանիների ստերջացման համար, սակայն ծառայությունների մատուցման և դրանց վերահսկողության գործընթացում մի շարք խախտումներ ու անհամապատասխանություններ են արձանագրվել։ Այս մասին գրում է «Հետքը»՝ ներկայացնելով «Արդարության տուն» իրավապաշտպան ՀԿ-ի ուսումնասիրության արդյունքները։



Ուսումնասիրության կենտրոնում հայտնվել է «Նորոգում» ՍՊԸ-ն, որը 2026 թվականին թափառող կենդանիների ստերջացման պայմանագրեր է կնքել Նոր Հաճնի, Արարատի, Սևանի, Սիսիանի և Մասիսի համայնքապետարանների հետ։



Մասնավորապես՝ Արարատում 200 շան ստերջացման համար նախատեսվել է 3 մլն 996 հազար դրամ, 


Մասիսում՝ 520 շան համար 11 մլն 670 հազար դրամ, 


Սևանում՝ 200 շան համար 4 մլն 395 հազար դրամ, 


Սիսիանում՝ 230 շան համար 6 մլն 486 հազար դրամ, 


իսկ Նոր Հաճնում՝ 200 շան համար 4 մլն 470 հազար դրամ։



«Արդարության տուն» ՀԿ-ի ուսումնասիրության համաձայն՝ հարցեր են առաջացել ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերի, կենդանիների տեղափոխման համար նախատեսված տրանսպորտի, կլինիկայի կամ կացարանի, վիրահատական ու հետվիրահատական պայմանների վերաբերյալ։



«Հետքը» նշում է, որ Մասիսի համայնքի ներկայացուցչի հետ այցելության ժամանակ ընկերության կողմից որպես ստերջացման վայր ներկայացված Ջաջուռի հասցեում կլինիկա չի հայտնաբերվել․ տարածքում անասնագոմ է եղել։ Դրանից հետո Մասիսի համայնքապետարանի հետ պայմանագիրը լուծվել է։



Ուսումնասիրությամբ անհամապատասխանություններ են արձանագրվել նաև ստերջացված շների նույնականացման համարներում։ Ըստ ՀԿ-ի՝ նույն համարները ներկայացվել են ինչպես Աբովյանի, այնպես էլ Մասիսի համայնքապետարաններին՝ որպես տարբեր համայնքներում ստերջացված կենդանիների համարներ։



ՀԿ-ն պնդում է նաև, որ համայնքապետարանները պատշաճ կերպով չեն ստուգել ծառայությունների փաստացի կատարումը, սակայն կազմվել են դրական եզրակացություններ, որոնց հիման վրա վճարումներ են կատարվել։



Հավաքված նյութերը ներկայացվել են Պետական վերահսկողական ծառայություն և ՀՀ գլխավոր դատախազություն։ Դատախազությունն այն ուղարկել է Քննչական կոմիտե։



ՔԿ-ից  հայտնել են, որ «Նորոգում» ՍՊԸ-ի մասով քրեական վարույթ է նախաձեռնվել, գործն ուղարկվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։ Այս պահին մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։



Մասիսի համայնքապետարանից բացի, «Նորոգում» ՍՊԸ-ի հետ պայմանագիրը լուծարելու որոշում է կայացրել նաև Նոր Հաճնի համայնքապետարանը։ Ընկերությունը ներառվել է նաև գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։



«Հետքը» փորձել է մեկնաբանություն ստանալ «Նորոգում» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Գալստյանից։ Վերջինս, լսելով նյութի թեման, անջատել է հեռախոսը՝ նշելով, որ զբաղված է։

bottom of page