ԵՄ-ն Ուկրաինային ևս 3,3 միլիարդ եվրո կտա հրթիռների և ԱԹՍ-ների համար

Եվրամիությունն Ուկրաինային լրացուցիչ 3,3 միլիարդ եվրո կհատկացնի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո։
Նրա խոսքով՝ սպառազինության ձեռքբերման համար նախատեսված միջոցները Ուկրաինային կտրամադրվեն ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին։
Ֆոն դեր Լայենը նաև հայտնել է, որ ԵՄ-ն պատրաստվում է SAFE մեխանիզմի մնացած միջոցներն օգտագործել Եվրամիության և Ուկրաինայի համատեղ պաշտպանական նախագծերի նոր ծրագիր սկսելու համար։ Նախաձեռնության նպատակն է համատեղել Ուկրաինայի մարտական փորձն ու նորարարությունները Եվրոպայի տեխնոլոգիական և արդյունաբերական հնարավորությունների հետ։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ նախորդ շաբաթ ԵՄ-ն արդեն հաստատել էր Ուկրաինային տրամադրվող վարկի շրջանակում Patriot համակարգերի ֆինանսավորումը, սակայն անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն։
Նա նաև նշել է, որ նախատեսվում է համատեղ մշակել եվրոպական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ հիմնվելով Freya հակաբալիստիկ համակարգի վրա։
Սեպտեմբերի 17-ի երեկոյան Զելենսկին հայտնել էր ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել էին Ուկրաինային տրամադրվող պաշտպանական աջակցությունը։




















