top of page

Վաղ առավոտյան ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան»–ի գրասենյակ. ձերբակալում են Անդրանիկ Թևանյանին (Տեսանյութ)

  • May 22
  • 2 min read



Այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել, որտեղ նա պահանջում է իրավապահներից նախ ծանուցագիր ներկայացնել, նոր սկսել քննչական գործողությունները, որից հետո միայն ինքը կանջատի հեռախոսը։

Իրավապահները պահանջում են անջատել հեռախոսը, քանի որ սա գաղտնի քննչական գործողություն է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։

«Այս պահին դիմակավորված անձինք ու քննիչները Անդրանիկ Թևանյանի աշխատասենյակում են։ Հայաստանի թիվ մեկ դավաճանը ուրիշներին է մեղադրում դավաճանության մեջ։ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով ձերբակալում են Անդրանիկ Թեւանյանին»,–ասում է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:

Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։

Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ նախընտրական ցուցակում երկրորդն է։

ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– հայտնել են ՔԿ–ից։


1/3407
bottom of page