Եվրանեսթ ԽՎ-ն պետք է պահանջի Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայերին. Արթուր Խաչատրյան
- Lilit

- 11h
- 1 min read

Բոլորը ցանկանում են խաղաղություն, ոչ մեկը չի կարող ասել՝ ոչ խաղաղությանը, բայց տևական խաղաղության համար այդ խաղաղությունը պետք է լինի արդար՝ հիմնված արդարության և արդարադատության վրա: Այս մասին Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով,արդարադատությունը պահանջում է, որ բոլոր կողմերի շահերը պաշտպանված, հարգված լինեն, դա պահանջում է երկու կողմերից բարի կամք։
«Մենք, ցավոք սրտի, այդպիսի բարի կամքի նշան չենք տեսնում Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը շարունակում է զավթման տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 կմ քառակուսի, միջամտել Հայաստանի ներքին հարցերին՝ պարբեր պահանջներ ներկայացնելով։ Ասում են՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որպես նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սա դեմ է սկզբունքներին, որոնք հաստատված են միջազգային փաստաթղթերով։ Ադրբեջանը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը»,- նշել է պատգամավորը:
Խաչատրյանը նաև անդրադարձել է տեղահանված արցախցիներին: «Եկեք չանտեսենք, աչք չփակենք էթնիկ զտումների վրա, ցեղասպանության վրա, որը գործել է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ։ Լեռնային Ղարաբաղում այսօր չկա գեթ մեկ հայ, ստիպողաբար տեղահանվել են:
Արդյո՞ք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում են աչք փակել սրա վրա, արդյո՞ք մենք հանդուրժելու ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջենք, որպեսզի Ադրբեջանը երաշխավորի ժողովրդի անվտանգ վերադարձ իրենց տներ, արժանապատիվ վերադարձ միջազգային մեխանիզմներով»,- նշել է նա:
Խաչատրյնաը կոճ է արել հենց այստեղից պահանջել Ադրբեջանին առանց որևէ պայմանի ազատ արձակի հայ գերիներին։
«Վեհաժողովը պետք է բարձրաձայնի, պահանջի առանց նախապայմանների բանտարկյալների ազատ արձակում։
Ես փոփոխություն եմ առաջարկում՝ այս վեհաժողովից ուղերձ ուղարկել Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այսպիսի անմարդկային գործողություններ Ադրբեջանի ֆաշիստ ռեժիմի կողմից»,- ասել է նա:




















