Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն. Միհրան Հակոբյան
- Lilit

- 1 day ago
- 1 min read

Իր գործունեության և իշխանություններին ուղղված քննադատության համար օրերս բռնության ենթարկված հանրային գործիչ Միհրան Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Պսևդոժողովրդավարությունը փոխակերպվում է ավտորիտարիզմի այն ժամանակ, երբ ռեժիմը օրենքները հարմարեցնում է իրեն՝ լռեցնելու ընդդիմությանը, անհամաձայններին և բողոքի ձայն բաձրացնողներին:
Ավտորիտարիզմը փոխակերպվում է ավտորիտար դիկտատուրայի այն ժամանակ, երբ ռեժիմին հարմարեցված օրենքներն այլևս չեն օգնում, իսկ անհամաձայնության ու բողոքի ալիքը մեծանում է, ուստի անհրաժեշտ է լինում գործի դնել օրենքից դուրս բռնությունն ու բանդիտական ահաբեկման մեթոդները:
Օրինակ՝ իմ պարագայում բնականոն հարց է չէ՞ առաջանում. բացի մասնագիտական ու հանրային-քաղաքական գործունեությունից, որևէ այլ բանով չի զբաղվում, անձնական ոչ մի թշնամի չունի, որևէ մեկի հետ անձնական վեճ, նույնիսկ հակասություն չունի, ոչ մեկին պարտք չէ, ոչ մեկն իրեն պարտք չէ… և 2021-ին տան դիմաց պայթեցնում են մեքենան, գործը մնում է չբացահայտված: 2025-ին օրը ցերեկով դիմակավորված անձիք թիկունքից հարձակվում են, հարվածներ հասցնում ու հեռանում:
Լավ, ենթադրենք դիկտատուրայի վերածված Նիկոլի ռեժիմը չէ այս ամենը կազմակերպել, բա ո՞վ է կազմակերպել՝ այլմոլորակայինները՞, թե՞ ասենք՝ մի ոտանի սև սատանան: Եթե կատարվածն ավտորիտար դիկտատուրան չի բացահայտում, ուրեմն հենց ինքն է կազմակերպել: Պարզագույն տրամաբանությունն անգամ հուշում է, որ այլ տարբերակ բնության մեջ գոյություն չունի:
Հուսով եմ՝ մարդու իրավունքները և ժողովրդավարությունը դրոշակ դարձրած դեսպանատներն ու միջազգային կազմակերպություններն անելիք ունեն: Որովհետև Նիկոլի ռեժիմն անցողիկ է, իսկ համամարդկային արժեքները՝ մնայուն: Արեք այնպես, որ հետագայում այդ արժեքների շուրջ ձեզ հետ երկխոսել լինի…
Հ.Գ. Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է»:




















