Դեպրեսիան հինգ անգամ մեծացնում է Ալցհայմերի հիվանդության առաջացման ռիսկը․ PsyRes
- Mar 31
- 1 min read

Չինացի գիտնականները պարզել են, որ դեպրեսիա ունեցող մարդկանց մոտ թուլամտության ցանկացած ձևի զարգացման հավանականությունը կրկնակի անգամ ավելի մեծ է։ Ընդ որում, Ալցհայմերի հիվանդության ռիսկն աճում է հինգ անգամ, իսկ անոթային դեմենցիայինը՝ մոտ 1,9 անգամ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychiatry Research (PsyRes) ամսագրում:
Հետազոտողները վերլուծել են Չինաստանի Իչան քաղաքի ավելի քան 900 հազար բնակչի էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալները: Աշխատանքի համար նրանք ընտրել են 50 տարեկանից բարձր այն անձանց, ովքեր դիտարկումների սկզբում դեմենցիա չեն ունեցել։ Արդյունքում վերլուծության մեջ ներառվել է դեպրեսիա ունեցող 4341 մարդ և նույն տարիքի ու սեռի ավելի քան 43 հազար մասնակից (առանց այդ ախտորոշման):
Միջինում 3,6 տարվա դիտարկման ժամանակահատվածում դեմենցիա է ախտորոշվել 1493 մարդու մոտ։ Ախտորոշման միջին տարիքը կազմել է 78 տարեկան։ Ընդ որում, ամենաբարձր ռիսկը նկատվել է 60 տարեկանից բարձր այն անձանց մոտ, ում մոտ դեպրեսիա է ախտորոշված եղել։
Լրացուցիչ վերլուծությունը որոշակի օրինաչափություն է բացահայտել. Ալցհայմերի հիվանդության առաջացման ռիսկը կտրուկ աճել է երկու փուլում՝ դեպրեսիայի ախտորոշմանը հաջորդող առաջին երկու տարիներին և վեցից ութ տարի անց: Գիտնականները ենթադրում են, որ դա կարող է բացատրվել տարբեր մեխանիզմներով:
Առաջին դեպքում դեպրեսիան կարող է արդեն իսկ զարգացող Ալցհայմերի հիվանդության վաղ դրսևորում լինել: Երկրորդ դեպքում՝ տևական դեպրեսիվ վիճակը կարող է նպաստել ուղեղի վնասմանը՝ քրոնիկական սթրեսի և իմունային համակարգի աշխատանքի խանգարումների պատճառով:
Անոթային դեմենցիայի պարագայում ռիսկի նման վաղաժամ դրսևորում չի նկատվել. հիվանդության հավանականությունն աճել է հիմնականում մի քանի տարի տևող երկարատև դեպրեսիայի դեպքում։




















