top of page

Սառը ջրով լվացե՛ք ոտքերը, պարբերաբար պառկե՛ք ու ոտքերը բարձրացրե՛ք սրտի մակարդակից վեր. ի՞նչ անել վարիկոզի դեպքում. խորհուրդներ՝ բժշկից

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 12
  • 2 min read
ree


Վարիկոզը (լատիներեն՝ varix` «ուռուցք, լայնացած երակ»)՝ երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առաձգականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։

Հիմնական պատճառները`

ժառանգական նախատրամադրվածություն,

երկարատև կանգնած կամ նստած աշխատանք,

ճարպակալում,

հղիություն,

ֆիզիկական ակտիվության պակաս,

հորմոնալ փոփոխություններ:

Հիմնական ախտանիշները`

ծանրության զգացողություն ոտքերում,

երակների ուռուցք,

կապտավուն երակների տեսանելիություն,

ցավ, այտուց, այրման զգացողություն,

երեկոյան ուժգնացող հոգնածություն ոտքերում,

մաշկի գունափոխություն:

Եթե վարիկոզը չբուժվի ժամանակին, այն կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների։ Վարիկոզի չբուժման բարդությունները`

1. Թրոմբոֆլեբիտ` երակներում կարող են առաջանալ արյան մակարդուկներ (թրոմբներ), ինչը հանգեցնում է երակների բորբոքման։

2. Թրոմբոէմբոլիա` երբ թրոմբը պոկվում և անցնում է արյան հոսքի մեջ, և կարող է փակել կարևոր անոթներ։

3. Խրոնիկական վենոզ անբավարարություն` երբ արյունը ճիշտ չի հոսում վեր, այն կանգ է առնում ոտքերում՝ առաջացնելով այտուց, մաշկի փոփոխություններ և զգալի անհարմարություններ։

4. Տրոֆիկ խոցեր (վերքեր)` երկարատև արյան կանգի պատճառով մաշկը կարող է թուլանալ, վերքավորվել: Այս խոցերը դժվար են բուժվում։

5.Արյունահոսություն` լայնացած երակները կարող են պատռվել նույնիսկ թեթև հարվածից, առաջացնելով արտաքին կամ ներքին արյունահոսություն։

6. Մաշկի գունափոխություն և պիգմենտացիա` մաշկը կարող է մգանալ, դառնալ կոշտ և չոր՝ շարունակական այտուցների պատճառով։

7. Լիպոդերմատոսկլերոզ` երկարատև բորբոքային պրոցեսների հետևանքով մաշկի տակ ճարպային հյուսվածքները կարծրանում են։

Ամռանն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել վարիոկզ հիվանդությանը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է խթանել երակների լայնացումը և այտուցները։

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդության խորացումը.

1. Խուսափե՛ք երկարատև ջերմային ազդեցությունից. չպետք է երկար մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Խուսափե՛ք շոգ ջրով լոգանքներից կամ շոգեբաղնիքներից։

2. Կրե՛ք կոմպրեսիոն գուլպաներ. բժշկական կոմպրեսիոն գուլպաները օգնում են կանխել այտուցը և նպաստում արյան ճիշտ շրջանառությանը։ Ամռանը օգտագործե՛ք թեթև կոմպրեսիոն գուլպաներ՝ հատուկ նախատեսված տաք եղանակի համար։

3. Պահպանե՛ք ֆիզիկական ակտիվություն: Հաճախ քայլեք, լողացեք կամ զբաղվեք ցածր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվությամբ։ Խուսափեք երկար նստած կամ կանգնած դիրքում մնալուց։

4. Սառը ջրով լվացե՛ք ոտքերը՝ այտուցը նվազեցնելու և երակների տոնուսը բարձրացնելու համար։

5. Օրվա ընթացքում պարբերաբար պառկե՛ք ու ոտքերը բարձրացրե՛ք սրտի մակարդակից վեր՝ 15-20 րոպեով։ Դա օգնում է վերադառնալ արյան հոսքին և նվազեցնում ճնշումը երակներում։

6. Խմե՛ք շատ ջուր։ Ջրազրկումը կարող է ավելացնել արյան խտությունը և վատթարացնել վիճակը։

7. Հետևե՛ք սննդակարգին: Սնվե՛ք թարմ մթերքներով՝ մրգեր, բանջարեղեն, լիարժեք հացահատիկներ։ Խուսափե՛ք աղի և շատ շաքար պարունակող սննդից, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի պահպանում։

8. Կրե՛ք թեթև, ազատ հագուստ, որպեսզի խուսափեք ազդրերի և ծնկների շրջանում արյան հոսքի խանգարումից։

Եվ ամենակարևորը՝ խորհրդակցե՛ք բժշկի հետ, եթե ունեք ցավ, այտուց, կամ մուգ գույն ստացած երակներ, պարտադիր այցելեք անգիոլոգի կամ ֆլեբոլոգի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։

1/3011
bottom of page