Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Մարուքյան
- Lilit

- 1 hour ago
- 2 min read

Մենք գտնվում ենք Երևան-Սևան մայրուղու տարածքում՝ Չայնիի ոլորաններում, որտեղ մի քանի հատ ավազի հանք կա։ Այս մասին տեսանյութում հայտարարել է «Լուսավոր հայաստան» կուսակցության նախգահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանում օդի աղտոտվածության խնդրին։
«Կարող ենք ստուգել, տեսնել, թե այս ավազի հանքերից ինչպես է քամին ոլորելով, պտտելով ամբողջ փոշին իջեցնում Երևան քաղաքի վրա։
Այսինքն մենք, մեր երեխաները, մեր ծնողները, մեր հարազատները, մեր տուրիստները, Երևանի հյուրերը, բոլորը շնչում են քաղցկեղածին օդ և դրան գումարվում է նաև Երևանի շինարարությունները։ Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, որ երկու հանձնախումբ է ստեղծում՝ մեկը օդի աղտոտվածությունը ստուգելու, մյուսը խցանումները ստուգելու։ Եկեք մինչև այդ հանձնախմբերը կաշխատեն, որովհետև պարզ է, որ ինչ էլ աշխատեն, ամիսներ է տևելու, այս հանքերը պետք է փակվեն։
Այս ավազի հանքերը, որոնք դրված են ամբողջ ոլորանների ճանապարհի վրա, այդ ավազը, այդ փոշին, պտտելով իջեցնում են մեր տներ, մեր խոհանոցներ, մեր դպրոցներ, մեր մանկապարտեզներ, ծննդատներ, հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ։ Յուրաքանչյուրդ կարող եք ձեր տանը փորձել, փոշին սրբում ես, մի քանի ժամ հետո նույն շինարարական փոշին դեղին գույնի նստած է։
Թող հանեն դուրս, քաղաքից հեռացնեն, տանեն ուրիշ տեղ այս հանքերը։ Սա է լուծումը, ես ուրիշ լուծում չեմ տեսնում, որովհետև եթե սա շարունակում է մնալ այստեղ, մենք այս փոշին շնչելու ենք։ Այդ հանքերից կոպեկներ են պետական բյուջե վճարելու, մեր առողջությունից թանկ բան չկա։ Հիմա կասեն՝ շինարարություն է գնում, որի համար ավազ է պետք, դա անհրաժեշտ է, բայց շատ ավելի հեռու բնակավայրերում կարելի է այդ հանքերը բացել, և կան նմանատիպ հանքեր, և այդտեղ այդ աշխատանքները կատարելու։
Մեր փաստարկը սա է, մեր պահանջը սա է, թող այդ հանձնախումբը ուսումնասիրություններ կատարի, որ Երևան մտնող ճանապարհներին, նաև Երևանի ներսում մի միլիոն մարդու օդը պղտորող, քաղցկեղ առաջացնող օդը կեղտոտվում են նմանատիպ հանքերով։ Այս բոլոր հանքերը պետք է փակվեն, այդ մի քանի միլիոն դրամը թող պետական բյուջեն չստանա, բայց մեկ միլիոն մարդու առողջությունը կպաշտպանվի, մեկ միլիոն մարդ քաղցկեղից պաշտպանված կլինի, օդը մաքրելու սարքերը գնելու փոխարեն, ուղղակի մաքուր օդ կվայելի։ Բոլոր հանքերն անխտիր, պետք է զրկվեն լիցենզիաներից և փակվեն»,– հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նա նկատեց, որ հանքերի շահագործման արդյունքում սարերը քանդվում են և բացում քամու հոսքի մուտքը դեպի քաղաք։



















