top of page

Կիրանցի դպրոցը հինգ առաջին դասարանցի ունի, հինգն էլ՝ աղջիկ

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հազարավոր երեխաներ առաջին անգամ մուտք կգործեն դպրոց՝ անելով նոր կյանքի առաջին, փոքր, բայց ամենակարևոր քայլը։ Եթե մայրաքաղաքի դպրոցներում առաջին դասարանցիների պակաս չկա, ավելին, դեռ մեկ ամիս առաջ են ծնողները «պայքարի» մեջ մտնում, որ կարողանան երեխային գրանցեն իրենց ավելի մոտ ու հարմար դպրոցում, ապա մարզերում պատկերը լրիվ այլ է։ Ավելին, կան դեպքեր, երբ դպրոցը երազում է գոնե տասը առաջին դասարանցի ունենալու մասին։

, Տավուշի սահմանամերձ Կիրանց համայնքի միակ դպրոցն այս տարի իր դռները կբացի հինգ աշակերտի համար, հինգն էլ՝ աղջիկ։ 

«Այս երեխաներն էլ որ գան, դպրոցը 42 սան կունենա, որից հինգը՝ նախակրթարան են հաճախում»,- զրույցում ասաց Կիրանցի դպրոցի տնօրեն Սուսաննա Փաշինյանը։

Նա նկատեց՝ աշակերտների քանակը փոքր է, բայց իրենք ամեն ինչ անում են, որ երեխաները լիարժեք կրթություն ստանան, դառնան պիտանի մարդ։ 

«Ուսուցիչ ունենք, որ մի քանի առարկա է դասավանդում, բայց և այնպես, երեխաները ստանում են անհրաժեշտ գիտելիքը»,- նկատեց նա։

Հարցին, թե արդյո՞ք Տավուշում տեղի ունեցած սահմանազատման և սահմանագծման աշխատանքները որևէ ազդեցություն ունեցել են դպրոց հաճախող աշակերտների թվի կրճատման հարցում, Սուսաննա Փաշինյանը պատասխանեց՝ ոչ, միշտ էլ մոտավորապես այսքան աշակերտ են ունեցել իրենք։

Դե ինչ, բարի երթ ենք մաղթում կիրանցեցի բոլոր փոքրիկներին։

1/2799
bottom of page