Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի․ Մոսկվայի հստակ ուղերձ

Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում շատ իրադարձություններ են տեղի ունեցել, բազմաթիվ հայտարարություններ են եղել, այդ թվում Հայաստանի ղեկավարության կողմից երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտների վերաբերյալ:
«Գաղտնիք չէ, որ պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերանայման մասին։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, որդեգրվել է արտաքին քաղաքական, արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ։ 2025 թվականին ընդունվել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Այսինքն՝ մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը», - ասել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը դրան ըմբռնումով է մոտենում, բայց, իհարկե, այդ ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում հարաբերությունների համալիր շտկումներ։
«Ինչպես գիտեք, Ռուսաստանի ղեկավարության կողմից հարց է բարձրացվել այն մասին, որ Հայաստանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի ինտեգրացիոն վեկտորի հարցում՝ իմ նշած օրենքի ընդունման լույսի ներքո։ Եվ, բնականաբար, համապատասխան որոշումը մեծապես կազդի մեր փոխգործակցության բնույթի, մեխանիզմների վրա, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում։ Այսինքն ՝ Հայաստանի Հանրապետության ռազմավարական կայանքների վերաձևակերպման գործընթացն ընթանում է ամբողջ թափով, և, իհարկե, դա չի կարող չբարձրացնել նոր հաշվեկշիռների որոնման հարցը», - ընդգծել է դեսպանը։
Նրա կարծիքով՝ շատ կարևոր է, որ այդ երկխոսությունը կառուցողական ընթանա։
«Շատ կարևոր է, որ երկու կողմից լինի մեր հարաբերությունները պահպանելու քաղաքական կամքը, այն, ինչը մեզ միավորել է շատ երկար ժամանակ, այն, ինչը շատ կարևոր է մեր ժողովուրդների համար։ Բայց, իհարկե, դա պետք է տեղի ունենա շփման կետերի որոնման և միմյանց շահերի փոխադարձ հարգանքի հիման վրա», - ընդգծել է Կոպիրկինը։




















