Հայաստանը «զավթել է» այլ պետության տարածքի 20%-ը. Ալիևի խիստ քննադատությունը` Եվրոպական խորհրդարանին

Եվրոպայի խորհուրդը փաստացի աջակցություն էր ցուցաբերում «օկուպացիային», իսկ Եվրոպական խորհրդարանը մշտապես սատարում էր տարածքները զավթած Հայաստանին, ինչը շարունակվում է նաև այսօր, նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա պնդմամբ՝ եթե «օկուպացիայի» ընթացքում Հայաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառվեին, հակամարտությունը կարող էր լուծվել շատ ավելի վաղ։
«Հայաստանը «զավթել է» այլ պետության տարածքի 20 տոկոսը, այնտեղից արտաքսել 700 հազար մարդու, ևս 250 հազար ադրբեջանցու արտաքսել է Հայաստանից, ավերել է բոլոր քաղաքները։ Ինչո՞ւ նրա դեմ պատժամիջոցներ չկիրառվեցին։ Սա հենց երկակի ստանդարտներն են», — հայտարարել է նախագահը։
Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը 30 տարի շարունակ այս հարցը բարձրացրել է եվրոպական ատյաններում՝ պահանջելով քաղաքական գնահատական տալ Հայաստանի քայլերին։
«Մենք Եվրոպայի խորհրդից չէինք պահանջում պատերազմել Հայաստանի դեմ։ Մենք պահանջում էինք ընդունել քաղաքական որոշում, «օկուպանտին անվանել օկուպանտ»։ Բայց դա անել չցանկացան», — ընդգծել է նա։
Երկրի ղեկավարը նաև նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ամբողջական վերահսկողության հաստատումից հետո Եվրոպայի խորհուրդը, ընդհակառակը, քայլեր ձեռնարկեց Բաքվի դեմ։
«Հայաստանի դեմ Եվրոպայի խորհրդում պատժամիջոցներ չէին կիրառում։ Բայց երբ 2023 թվականի սեպտեմբերին մենք ամբողջությամբ «ազատագրեցինք» Ղարաբաղը, արմատախիլ արեցինք անջատողականությունը և հանցագործներին ձերբակալեցինք, չորս ամիս անց Եվրոպայի խորհուրդը պատժամիջոցներ կիրառեց մեր դեմ։ Ահա նրանց իսկական դեմքը», — ասել է Ալիևը։
Բացի այդ, նա խիստ քննադատության է ենթարկել Եվրոպական խորհրդարանը։
«Եվրոպական խորհրդարանը կոռուպցիոներների բույն է։ Ես դա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ», — հայտարարել է նախագահը։
Ալիևի փոխանցմամբ՝ Արևմուտքում Ադրբեջանի դեմ շարունակվում է տեղեկատվական արշավը, իսկ եվրոպական կառույցներում առկա են իսլամաֆոբիայի դրսևորումներ։
«Մեր կրոնի և իսլամական աշխարհի դեմ չհայտարարված պատերազմ է մղվում, իսկ իսլամաֆոբիան դրա միայն փոքր մասն է», — նշել է նա։
Ալիևը շեշտել է, որ նման ճնշումներին հակազդելու համար անհրաժեշտ է ամրապնդել Թյուրքական աշխարհի, Կովկասի և իսլամական երկրների միասնությունը։
«Երբ Թյուրքական աշխարհը, Կովկասը և իսլամական աշխարհը միասին են, ոչ ոք չի կարող մեզ կոտրել։ Ոչ ոք չի կարող մեզ հետ անարդար վարվել», — հայտարարել է նախագահը։




















