Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց
- 3 hours ago
- 1 min read

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Եվրամիությունը որոշել է Հայաստան գործուղել նոր քաղաքացիական առաքելություն՝ այն ներկայացնելով որպես աջակցություն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և պետական ինստիտուտների դիմակայունության բարձրացման միջոց։ Առաքելության հիմնավորման մեջ առանձնահատուկ տեղ է հատկացված առաջիկա ընտրական ցիկլին՝ խորհրդարանական, ՏԻՄ ընտրություններին և նույնիսկ հնարավոր սահմանադրական հանրաքվեին։ Բայց առավել խոսուն է այն, որ առաքելության նպատակներից բաց տեքստով նշվում է «նվազեցնել ու չեզոքացնել Ռուսաստանի ապակայունացնող գործողությունները»։
Սա հստակ աշխարհաքաղաքական դիրքավորում է։ Երբ արտաքին դերակատարը նախապես սահմանում է սպառնալիքի աղբյուրը, նա փաստացի իր ռազմավարական հակադրությունը տեղափոխում է տվյալ երկրի տարածք։ Այս պայմաններում Հայաստանը վերածվում է աշխարհաքաղաքական մրցակցության հարթակի։ Եվ այստեղ առաջանում է ֆունդամենտալ հարց՝ արդյո՞ք այս առաքելության նպատակը Հայաստանի դիմակայունության բարձրացումն է, թե՞ նրա աշխարհաքաղաքական ուղղության վերահսկումը։ Չի կարելի անտեսել նաև այս առաքելության ներքաղաքական հետևանքները։ Գործող իշխանությունը վերջին տարիներին հետևողականորեն խորացնում է Արևմուտքի հետ համագործակցությունը՝ այդ թվում՝ անվտանգային ոլորտում։
Նման առաքելության տեղակայումը օբյեկտիվորեն ուժեղացնում է այդ կուրսը՝ ձևավորելով արտաքին հենարան և լրացուցիչ լեգիտիմության աղբյուր։ Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Այդպիսի պայմաններում ընտրական գործընթացը կորցնում է իր ինքնուրույն արժեքը և վերածվում արտաքին ազդեցությունների բախման հարթակի։ ԵՄ առաքելությունը, անկախ հռչակված նպատակներից, անխուսափելիորեն արտաքին քաղաքական հակադրությունը ներմուծում է Հայաստանի ներքին կյանք՝ խորացնելով բևեռացումը և մեծացնելով կախվածությունը արտաքին դերակատարներից։ Խնդիրը ոչ թե ԵՄ-ն է կամ Ռուսաստանը, այլ Հայաստանի սուբյեկտությունը։
Երբ երկրի անվտանգությունն ու ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուժերի մրցակցության գործիք, վտանգվում է ոչ միայն քաղաքական հավասարակշռությունը, այլև պետական ինքնիշխանության բովանդակությունը։ Հետևաբար, ո՞ւմ է իրականում «օգնում» այս առաքելությունը, և ի՞նչ գին է դրա դիմաց վճարելու Հայաստանը»,-գրել է նա։




















