ՍԴ դատավորների վարձատրությունը կբարձրանա. 2026-ին հավելավճարները կկազմեն ավելի քան 46 մլն դրամ․ Գալյան
- 2 hours ago
- 1 min read

Սահմանադրական դատարանի դատավորները ստաժի հիման վրա հավելավճար կստանան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Նախագծերով առաջարկում ենք վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հաշվի առնելով այն, որ ներկայում ՍԴ դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ նրանց բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին»,-ասաց Գալյանը:
Մասնավորապես առաջարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար: Սահմանադրական դատարանի դատավորների 12-ամյա պաշտոնավարման ժամկետը հաշվի առնելով՝ աշխատանքային ստաժի հավելավճարը հաշվարկվում է առավելագույնը 11 տարվա համար և սահմանվում է աճողական կարգով՝ սկսած պաշտոնավարման երկրորդ տարվանից, երկրորդ տարվանից՝ 20 տոկոս, երրորդում՝ 35 տոկոս, չորրորդ տարվանից՝ յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա չափից 10 տոկոս ավել:
Հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ ՍԴ դատավորի պաշտոնում աշխատած լրիվ տարիները:
«2026 թվականի համար ՍԴ նախագահի, փոխնախագահների և 7 դատավորների մասով տվյալ պաշտոններում պաշտոնավարման դիմաց աշխատանքային ստաժի հիման վրա վճարվելիք հավելավճարի մասով ենթադրվում է 46 մլն 775 հազար 40 դրամի ծախս, որը լրացուցիչ ծախսային պարտավորություն է»,-նշեց նախարարը:




















