top of page

Պարզել ենք, որ ավտոբուսում մարդկանց հրահրող անձը Կենտրոն թաղապետարանի աշխատակից է. ավագանու անդամ

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 18
  • 1 min read

ree

Երեկ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են «Երեւան ավտոբուս» ՓԲԸ, որպեսզի պարզեն, թե ովքեր են այդ կարգազանց վարորդները, որոնք քաղաքացիների հետ լավ չեն շփվում, փորձում են վիրավորել կամ իջեցնել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, իրենք փորձում են գտնել այդ մարդկանց, որպեսզի նրնց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն. «Վարորդներն իրավունք չունեն մեր քաղաքացիներին ասել՝ վճարեք կամ մի վճարեք: Վարորդի գործը միայն ավտոբուս վարելն է, ուրիշ ոչ մի բան, նա հսկիչ չէ, կոնդուկտոր չէ, ռեւիզոր չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ քաղաքացիական հագուստով անձինք ավտոբուսներում հրահանգներ են տալիս, կարգադրում են իջնել կամ վճարել, ավագանու անդամն ասաց. «Երեկ ես այդ տեսանյութը իմ էջում տեղադրել եմ, որտեղ կարմիր համազգեստով ոմն մեկը վեճ էր հրահրում ավտոբուսի մեջ,  փորձում էր հրահրել մարդկանց: Ճիշտ է՝ այն քաղաքացին, որը նկարում էր, «պորտը տեղն է դնում»: Մենք պարզեցինք, որ դա Կենտրոնի թաղապետարանի առեւտրի վարչության աշխատակից է, որը հատուկ ներդրվել է, որպեսզի ավտոբուսներում վեճեր հրահրի քաղաքացիների հետ եւ փորձի ստիպել վճարել:

Կոչ եմ անում բոլոր թաղապետարանների, քաղաքապետարնի աշխատողներին, ում կասեն՝ կգնաք ավտոբուսներ, վեճ կհրահրեք, կստիպեք վճարել, դա ձեր գործառույթը չի, դուք դրա իրավունքը չունեք: Զբաղվեք ձեր գործով, ինչի համար աշխատավարձ եք ստանում: Հետագայում դուք դրա համար պատժվելու եք»:

1/3011
bottom of page