Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու դռան փականը փոխելը հանրային մեղադրանքի հանցանք է. Դավիթ Թումասյան
- Lilit

- 4 hours ago
- 1 min read

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը սոցցանցերի իր էջում արված գրառմամբ անդրադարձել է այն հանգամանքին, որ Հովհանանվանքի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը կարգալույծ հռչակվելուց հետո փոխել է եկեղեցու փականները և հիմա միայն ինքն է կարողանում բացել դուռը։
«Հարգելի դատախազներ և քննիչներ, այս արարքի մեջ ակնհայտ է ինքնիրավչության հանցակազմը, քանի որ Ստեփան Ասատրյանն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ է իրականացնում, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին։
Տվյալ դեպքում վնասը պատճառվում է այլ քահանաներին, որոնք կարող են մուտք գործել այնտեղ, սակայն Ասատրյանի արարքից հետո, զրկվել են նման հնարավորությունից, ինչպես նաև վնաս է պատճառվում Հայ Առաքելական Եկեղեցուն, որի սեփականությունն է հանդիսանում այդ եկեղեցին և որից չի կարող օգտվել սեփականատերը: Նաև խախտվում են այն անձանց իրավունքները, ովքեր ունեին մկրտություն, պսակադրություն կամ այլ արարողություն, և փականը փոխելու պատճառով չեն կարողացել դա իրականացնել:
Քանի որ վնասը պատճառվում է իրավունքին, այստեղ գումարային ցուցանիշը պետք չէ, միայն իրավունքի խախտման փաստը բավարար է: Հետևաբար, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն: Հ.Գ. Այս արարքը հանդիսանում է հանրային մեղադրանքի հանցանք, և բողոքի առկայությունը պարտադիր չէ»,–գրել է Թումասյանը:




















