«Կեցցե՛ր Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ հեծանիվը»․ Փաշինյանի ուղերձների էվոլյուցիան՝ 2018-2024 թվականներին

Այսօր Արցախի Հանրապետության հռչակման կամ Արցախի Անկախության օրն է։ Այն Արցախի, որը Նիկոլ Փաշինյանը վերջին չորս տարում մի քիչ դժվարությամբ, բայց վերջապես բարեհաջող հանձնեց իր «եղբայրական» Ադրբեջանին՝ Արցախը դարձնելով Լեռնային Ղարաբաղ։
Ու քանի որ Արցախ այլևս չկա Փաշինյանի համար, հետևաբար Արցախի Անկախության տոն էլ չկա, ուստի ուղերձ էլ չի կարող լինել Հայաստանը ղեկավարող անձի կողմից։ Եւ սա տրամաբանական է՝ չեղած բանի անկախության օրվա առթիվ ուղերձը ո՞րն է, Ադրբեջանի մաս ճանաչված տարածքի անկախության ուղե՞րձ պետք է հղի։
Իսկ, այ, 2018 թվականին, երբ դեռ Արցախը մերն էր ու անկախ էր, Նիկոլ Փաշինյանը լրիվ ուրիշ Փաշինյան էր։ Նա այցելում էր Արցախ, նկարվում այնտեղ, ուղերձ հղում և շնորհավորում Արցախի Անկախության օրվա առթիվ։
«Հայաստանի և սփյուռքի հետ ուս-ուսի՝ Արցախն այսօր շարունակում է ապրել ու զարգանալ։ Թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում ևս մի վկայություն է հայոց ազատասեր ոգու և անկոտրում կամքի։ Հայաստանը, Արցախն ու սփյուռքը այսօր ավելի ուժեղ են, որովհետև ավելի միասնական են և ավելի ազատ։ Արցախի Հանրապետության և Արցախի հասարակության բազմակողմանի զարգացումը ողջ հայության կարևորագույն նպատակներից է եղել և այսուհետ ևս լինելու է։ Արցախի անվտանգությունը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Արցախի ճակատագիրը համայն հայության գուրգուրանքի առարկան է։ Այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հանգել խնդրի խաղաղ և արդարացի լուծման»,- ահա այսպես էր շնորհավորում Նիկոլ Փաշինյանը Արցախի Անկախության օրը 2018 թվականի սեպտեմբերի 2-ին։ Վերջում էլ ավելացրել է․ «Կեցցե՛ ազատությունը։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը»։
Ու քանի որ հիմա Արցախը չկա, հետևաբար՝ «կեցցե՛ հեծանիվը»։
Այն ժամանակ դեռ ոչ ոք կամ գրեթե ոչ ոք չէր կանխատեսում, որ երկու տարի անց այս մարդը Արցախը համարելու է Ադրբեջանի անքակտելի մասը։
2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից 25 օր առաջ, այդ նույն Փաշինյանը, որ ընտանյոք հանդերձ լուսանկարվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի դիմաց, հենց այդ նկարով էլ ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ էր տարածել Արցախի Անկախության օրվա առթիվ։
«1991 թվականի այս օրը Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Շնորհավորում ենք պատմական այս օրվա առիթով՝ Ազատ Արցախ»,- գրել էր նա իր ֆեյսբուքում։
Ի դեպ, դրանից մեկ տարի առաջ՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին, Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրեն հատուկ ոգևորությամբ հայտարարում էր․ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Դրանից մեկ տարի անց սկսվեց պատերազմը, որը Փաշինյանը համարեց մեր նոր Սարդարապատը և կոչ արեց, որ բոլորս մեր չափով զինվորագրվենք հայրենիքի պաշտպանությանը, այն հայրենիքի, որի մի մասն ինքը հետո պիտի ճանաչեր Ադրբեջանի տարածք։
2021 թվականին այս օրը Փաշինյանի համար հայկական երկրորդ հանրապետությունը դեռ Արցախ էր կոչվում, որից ինքը ընդամենը 25 տոկոսն էր թողել մեր տիրապետության տակ՝ 75 տոկոսը պատերազմում հանձնել կամ տանուլ էր տվել Ադրբեջանին, և իր շնորհավորական ուղերձում արդեն խոսում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։
«Արցախն այսօր թեկուզ վիրավոր, բայց կանգուն է և ունի Հայաստանի և համայն հայության ամբողջական աջակցությունն ու զորակցությունը։ Մենք հիշում ենք Արցախի ազատության համար մղված պայքարում ընկած մեր բոլոր նահատակներին և գլուխ ենք խոնարհում նրանց առջև։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Այն չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով։ Այդ իսկ պատճառով միջազգային բոլոր հարթակներում մենք այսօր պնդում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ»,- ահա այսպես էր ուղերձների մակարդակով Փաշինյանը ցույց տալիս, թե դեռ շարունակում է պայքարել Արցախի և արցախահայերի իրավունքների և ազատության համար։
Վերջում էլ հույս հայտնում, թե Արցախը կարող է դառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության խորհրդանիշ։ Հավանաբար մոռացել էր շեշտել՝ հանձնված Արցախը։
2022-ին Փաշինյանը արդեն միայն վերնագրում էր շեշտում Արցախի Հանրապետության անկախության մասին, բուն ուղերձում Արցախը Լեռնային Ղարաբաղ էր դարձել, և նա արդեն «պայքարում էր» Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների համար, որ նրանք իրավունք ունեն ապրել իրենց բնօրրանում՝ անվտանգ միջավայրում, որտեղ պաշտպանված կլինեն իրենց իրավունքները։
2023 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի վերջնական հայաթափումից մոտ 20 օր առաջ, Նիկոլ Փաշինյանի ուղերձում Արցախն արդեն ամբողջությամբ վերածվել էր Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի հետ կապող միակ ուղին՝ Լաչինի միջանցքը, տասը ամիս է՝ արգելափակված էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից։
«Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»,- ասված էր Փաշինյանի՝ արդեն լիովին անատամ դարձած և հույսը միջազգային հանրության վրա դրած ուղերձում։
Դրանից մեկ ամիս չանցած՝ Արցախը վերջնական հայաթափվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ Պրահայում Արցախն ինչ-որ Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի մաս։
Այսօր այլևս չկա Արցախ, բայց կա Արցախի Անկախության օր, որը, բնականաբար, չի շնորհավորել Արցախն Ադրբեջանին հանձնած և այդ «բեռից» ազատված Նիկոլ Փաշինյանը։
Կեցցե՛ հեծանիվը։