Արցախի էջը փակված չէ. մեր պայքարը ոչ թե պшտերազմի, այլ արդարության և խաղաղության համար է. Իշխան Սաղաթելյան
- Lilit
- 11 hours ago
- 3 min read

Սիրելի՛ հյուրեր, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր մենք համախմբվել ենք այստեղ՝ Երևանում, ոչ թե միայն հիշելու անցյալը կամ փաստագրելու հերթական ողբերգությունը, այլ խոսելու մեր ապագայի մասին։ Այս մասին ՀՅԴ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային գիտաժողովի ընթացքում բացման խոսքում ասաց Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
««Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովը ինքնին արձանագրում է մի պարզ, բայց անժխտելի ճշմարտություն՝ Արցախի հարցը փակված չէ, և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։
Պաշտոնական Երևանը և Բաքուն փորձում են համոզել մեր ժողովրդին ու միջազգային հանրությանը, թե իբր խնդիրը լուծված է։ Բայց բոլորս գիտենք, որ այս կեղծ թեզը ծառայում է մեկ նպատակի՝ արդարացնելու պարտվողական քաղաքականությունը, որը շարունակվում է միակողմանի զիջումների և ժողովրդի թիկունքում ընդունված դավադիր որոշումների միջոցով։
Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց արցախահայության անմիջական մասնակցության։ Վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ։
Սիրելի՛ բարեկամներ,
այսօր, երբ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են մեր ժողովրդի գոյության դեմ ուղղված քաղաքականություն, իսկ Հայաստանի իշխանությունները փորձում են պարտությունը ներկայացնել որպես «խաղաղություն», մեր պատասխանատվությունը կրկնակի է․ մենք պետք է բարձրաձայնենք ճշմարտությունը, պահանջենք արդարություն, և ձևավորենք միջազգային համախմբում՝ մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։
Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելու իր քաղաքականությունն արդարացնում էր Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովելու հրամայականով։ Արդյունքում հասել ենք մի հանգրվանի, երբ օրակարգային է դարձել արդեն Սյունիքի մարզի պահպանման հարցը, և իշխանական քարոզիչները, երրորդ կողմի վերահսկողությամբ Ադրբեջանին «անխոչընդոտ հաղորդակցության» միջանցքի տրամադրումը ներկայացնում են որպես Սյունիքը պահպանելու միակ տարբերակ։ Մենք մերժում ենք այս մոտեցումը։
Արցախի հարցը անմիջականորեն առնչվում է ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։ Եթե անտեսվում է արցախահայության վերադարձի իրավունքը, եթե լռությամբ ընդունվում է Արցախում իրականացված էթնիկ զտումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, եթե միջազգային հանրությունը չի արձագանքում գերիների ազատ արձակման պահանջին,եթե Արդբեջանի զորքերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքից, ապա մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն, այլ նոր ավելի խորը և համապարփակ կապիտուլիացիա է ։
ՀՅԴ-ի և մեր համահայկական կառույցների համար այս խորհրդաժողովը ունի մի հստակ նպատակ․
- ամրապնդել միջազգային ու ներազգային համախմբում մեր իրավունքների պատպանության շուրջ,
- վերադարձնել Արցախի հարցը միջազգային օրակարգ։
Քանի դեռ Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ եւ ցեղասպանական գործողություններով բռնի տեղահանված արցախցիները հաստատակամ են շարունակելու իրենց իրավունքների համար պայքարը, Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը, մասնավորապես, արդեն լուծարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, ովքեր նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել, հարգել հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու տարրերը, որոնք արձանագրված են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում և, իրենց խոստման համաձայն, պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։
Միայն հակամարտության բոլոր կողմերի (ներառյալ՝ արցախյան կողմի) կենսական շահերի պաշտպանության, միջազգային իրավունքի և սկզբունքների (ներառյալ՝ վերադարձի եւ ինքնորոշման իրավունքների) վրա հիմնված կարգավորումն է ի զորու տարածաշրջանում ապահովել հարատև խաղաղություն, և կայունություն ։
Սիրելի՛ ներկաներ,
մենք այս համաժողովը սկսում ենք ոչ թե որպես հերթական գիտաժողով, այլ որպես միասնական կամքի դրսևորում։
Մենք այստեղ ենք՝ հստակ ասելու, որ Արցախի էջը փակված չէ,որ մեր պայքարը շարունակվում է։ Մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է։ Իսկ խաղաղությունը չի կարող կառուցվել կեղծիքի, բռնության ու պարտադրված զիջումների վրա։
Թող այս խորհրդաժողովը դառնա հարթակ, որտեղից հնչած խոսքը կհասնի աշխարհի տարբեր մայրաքաղաքներ, միջազգային կառույցներ և կփոխանցի մեր ժողովրդի կամքը, ով թեև ծանր պարտություն է կրել, սակայն պատրաստ չէ զիջել իր կենսական իրավունքները հանուն գեղեցիկ խոսքերի և փուչ խոստումների։
Մենք չենք հանձնվել, մեր պայքարն արդար է և, որպեսզի մենք կարողանանք մի օր վերականգնել մեր իրավունքները, մենք պետք է այսօր հնարավոր բոլոր ձևաչափերով խոսենք դրանց մասին՝ դրանց պաշտպանությունը դարձնելով և՛ ներազգային, և՛ միջազգային օրակարգի մաս։
Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին»,-նշեց նա: