«Հրապարակ». Փաշինյանը հասկացել է՝ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում. ՔՊ–ում մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված
- Lilit
- 9 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում արդեն մի քանի օր է՝ համար 1 է հայտարարված, մեծից փոքր՝ բոլորը պարտավոր են քննադատել Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլանը», այդ շղթայում տեղավորել Սամվել Կարապետյանի և Աջապահյանի կալանավորումը: Ներառել նաև բոլոր նրանց, ովքեր կփորձեն պաշտպանել այս խմբին։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ կոնսենսուս է ձևավորվում, և ինքը չի մարսում ո՛չ Եկեղեցու դեմ արշավը, ո՛չ էլ Սամվել Կարապետյանի ու սրբազանների կալանավորումը։ Իսկ հուլիսի 4-ի երթը` ի պաշտպանություն Կարապետյանի, ընդհանրապես ցնցումների մեջ է գցել նրան, քանի որ տարբեր քաղաքական ուժեր են մասնակցելու, անգամ՝ Փաշինյանի նախկին թիմակիցներ:
Երեկ Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ ՀՀԿ-ն կմասնակցի երթին, ասաց, որ իրենք կանգնելու են բոլոր նրանց կողքին, ովքեր Եկեղեցու պաշտպանությամբ են զբաղված։ Եվ անգամ երեկվա շոուն, որ ձեռնարկեցին իրավապահները` երթին ընդառաջ խուզարկելով «Տաշիրի» գլխավոր գրասենյակը, չի ձախողելու երթը։
Անգամ Սասուն Միքայելյանի ԵԿՄ-ն մտցրին խաղի մեջ, որը երեկ կոչ էր անում՝ ուշքի գալ, քանի որ ԱԱԾ-ն «Հոկտեմբերի 27-ի» նման «նախապատրաստվող 3 հանցագործություն է բացահայտել»։ Ի դեպ, անգամ թքած-կպցրած ձայնագրություններով չի ապացուցվում, որ ինչ-որ անձինք «Հոկտեմբերի 27» են նախապատրաստել»