top of page

Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի նաև Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 6, 2024
  • 2 min read

Հայաստանում արբանյակային կապի գլոբալ համակարգերի ներդրումը ենթադրում է դրանց շահագործման կանոնների սահմանում, որոնք կոչված են հստակեցնելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ արտոնագրման գործընթացի և համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման նոր կարգը։

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է և առաջին անգամ է մատուցվելու նշված տեխնոլոգիայի միջոցով ծառայություն։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհայտարարի արբանյակային կապի գլոբալ համակարգի նոր ընկերության հայաստանյան ներկայացուցչին արտոնագիր տրամադրելու մասին։

Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» վերաբերյալ փոփոխությունների և լրացումների մասին օրենսդրական նախագիծ։

Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է, և ինչպես ցանկացած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի  գործունեության տեսակ, այն կազմակերպելու համար պահանջվում է սահմանել ցանցերի շահագործման թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման նոր պայմաններ և կանոններ: 

«Դա օրենքի պահանջ է, և համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ «եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության»- նշել է Գևորգ Մելիքսեթյանը։ 

Փոխնախարարը նշել է նաև, որ քանի որ հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերը, որտեղ մեծ ֆինանսական ծախսերի պատճառով կապի օպերատորների կողմից շարժական և ֆիքսված ինտերնետ կապի ենթկառուցվածքներ չեն կառուցվել, արբանյակային ինտերնետ կապը կապահովի լայնաշերտ ինտերնետի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքում:

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի խոսքով՝ նախարարությունը Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկներ է ստացել արբանյակային կապի գլոբալ համակարգերի ևս մի քանի ընկերություններից, որոնց մասով ընթանում են քննարկումներ։ Նա նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որոնք ցանկություն կհայտնեն գործունեություն ծավալելու Հայաստանում։

bottom of page