ԱԺ հանձնաժողովը բացասական արձագանք տվեց «Ազգային ճգնաժամի և պետական կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծին
- Lilit

- Oct 6
- 2 min read

Հայաստանում մարդկանց չեն պատժում խոսքի ազատության համար։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ «Ազգային ճգնաժամի և պետական կառավարման ձախողման մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի քննադատությունը։
«Չեմ հասկանում, երբվանի՞ց են բռնության կոչերը դարձել խոսքի ազատության մաս։ Դա քրեական հանցագործություն է, պարոն Մինասյան», - ասել է Ջուլակյանը։
Ընդդիմադիրի կարծիքով՝ հեղափոխության կոչերը, եթե խոսքը վերաբերում է խոսքի ազատությանը, չպետք է քրեորեն պատժելի լինեն։ «Հեղափոխությունը հեղափոխություն է, այլ ոչ թե պետական հեղաշրջման կոչ։ Հիմա դուք պնդում եք, որ դա քրեորեն պատժելի հանցագործություն է։ Այսինքն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվեր, բայց չի դատապարտվել։ Դուք ինքներդ միացա՞ք այդ հեղափոխությանը, պարոն Մինասյան։ Այնպես որ, եթե դուք դեմ էիք, ինչո՞ւ միացաք», - պատասխանել է իշխող խմբակցության ներկայացուցիչը՝ նկատի ունենալով վերջին պահին ՀՅԴ-ի (որի անդամ է Արծվիկ Մինասյանը) թավշյա հեղափոխությանը միանալը։
Նա նաև հիշեցրեց, որ 2021 թվականին կայացած ընտրությունների ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքը, որի խմբակցությունը պատրաստել է խորհրդարանական հայտարարության նախագիծը, չի ստացել ընտրողների ձայների նույնիսկ 10%-ը։ Իսկ ընդդիմության հետագա գործունեությունը ցույց է տվել, որ ժողովուրդը շարունակում է աջակցել գործող իշխանություններին, այլ ոչ թե նրա հակառակորդներին։ «Այս քննարկումը չափազանց վաղաժամ է։ Եկեք սպասենք։ Սկզբի համար համախմբեք ժողովրդին։ Եթե ձեզ դա հաջողվի մինչև խորհրդարանական ընտրությունները, ապա մենք, իհարկե, կքննարկենք դա։ Եթե ոչ, ապա ընտրությունները օրինական գործիք են, որի շնորհիվ ժողովրդավարական երկրներում իշխանությունը փոխվում է», - ասել է Ջուլհակյանը։
Խորհրդարանականը շեշտել է, որ փողոցային բողոքի ցույցերի և տարբեր շարժումների ձախողումները ցույց են տվել, որ ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանը: Հետևաբար, ինչպես նշել է իշխող խմբակցության պատգամավորը, թե՛ այս հայտարարությունը, թե՛ անվստահության քվեարկությունը վաղաժամ են:
Հանձնաժողովի ղեկավար, «ՔՊ»-ից մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, իր հերթին, առաջարկել է հայտարարությունն անվանել «Ընդդիմության ճգնաժամի և ընդդիմադիր գործունեության ձախողման մասին»։ Նրա խոսքով՝ նման ընդդիմության մասին կարելի է միայն երազել, քանի որ անցած տարիների ընթացքում նա Լեռնային Ղարաբաղի խնդրից բացի ոչ մի բովանդակային խնդիր չի բարձրացրել։
Բավականին երկար քննարկումից հետո, ինչպես և սպասվում էր, այս նախաձեռնությունը բացասական եզրակացություն է ստացել մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։




















