Տուդորը 7 խաղից հետո հեռացել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից․ պաշտոնական
- Mar 30
- 1 min read

Լոնդոնի «Տոտենհեմի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է Իգոր Տուդորի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Խորվաթ մասնագետն ու լոնդոնյան ակումբը խզել են պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ։
Տուդորի հետ միասին ակումբից հեռացել են նաև նրա օգնականները՝ Տոմիսլավ Ռոգիչն ու Ռիկարդո Ռանյաչին։
«Շնորհակալություն ենք հայտնում Իգորին, Տոմիսլավին և Ռիկարդոյին վերջին վեց շաբաթվա ընթացքում գործադրած ջանքերի համար։ Մենք կիսում ենք այն վիշտը, որն օրերս ապրեց Իգորը, և մեր զորակցությունն ենք հայտնում նրան ու նրա ընտանիքին այս դժվարին պահին: Նոր գլխավոր մարզչի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի առաջիկայում»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղից հետո 47-ամյա մասնագետին տեղեկացրել էին հոր մահվան մասին։
Հիշեցնենք, որ Տուդորը լոնդոնյան թիմը գլխավորել էր փետրվարի կեսերին։ Նրա ղեկավարությամբ «Տոտենհեմն» անցկացրել է ընդամենը 7 հանդիպում՝ տոնելով 1 հաղթանակ, գրանցելով 1 ոչ-ոքի և կրելով 5 պարտություն բոլոր մրցաշարերում։




















