Piezo1 սպիտակուցն առանցքային դեր է խաղում աղիքների առողջության համար. ComBio
- Lilit
- May 7
- 1 min read
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ Piezo1 սպիտակուցը, որը զգայուն է մեխանիկական ազդեցության նկատմամբ, կարևորագույն դեր է խաղում աղիքային մոտորիկայի կարգավորման գործում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Communications Biology (ComBio) բժշկագիտական հանդեսում։
Piezo1-ը գործում է որպես ներքին սենսոր աղիքային հարթ մկանային բջիջներում՝ օրգանին հնարավորություն տալով «հասկանալ», թե երբ և ինչպես սնունդն առաջ մղել մարսողական տրակտով։
Ինչպես նշում են գիտնականները, աղիքները մեխանիկորեն ամենաակտիվ օրգաններից մեկն են. դրանց մկանային պատերն անընդհատ կծկվում և թուլանում են՝ հեշտացնելով սննդանյութերի մարսողությունը և յուրացումը։ Այդ ռիթմի խանգարումները կապված են աղիքային մոտորիկայի զանազան խանգարումների հետ։
Փորձի ընթացքում հետազոտողները Piezo1-ը հեռացրել են լաբորատոր մկների աղիների հարթ մկանային բջիջներից։ Դա հանգեցրել է լուրջ հետևանքների՝ քաշի կորստի, սննդի ընդունման ուշացման, մկանային շերտերի նոսրացման և մկանների նորմալ կծկման համար անհրաժեշտ կալցիումի ազդանշանային համակարգի խաթարման։
Առանցքային հայտնագործություններից մեկը Piezo1-ի հայտնաբերումն էր ոչ միայն բջիջների մակերեսին, այլև դրանց ներսում՝ սարկոպլազմային ցանցում։ Դա մկանային բջիջների ներսում գտնվող հատուկ կառուցվածք է, որը կուտակում է կծկման համար անհրաժեշտ կալցիումի իոնները։ Նույնիսկ երբ հիմնական կալցիումական անցուղիները խցանված էին, Piezo1-ն ապահովում էր այլընտրանքային կծկման ուղի՝ բջիջներին հնարավորություն տալով պահպանել մասնակի ֆունկցիոնալությունը։
Ապագայում գիտնականները մտադիր են հետազոտել Piezo1-ի դերը պտղի աղիների զարգացման մեջ, ինչպես նաև ծննդաբերությունից հետո մարսողական համակարգի վրա դրա ազդեցությունը։ Այդ արդյունքները կարող են օգնել հասկանալ մի շարք լուրջ հիվանդությունների պատճառները, մասնավորապես՝ գաստրոշիզը, նեկրոզող էնտերոկոլիտը և կարճ աղիքի համախտանիշը։