Moscow Times. Ուկրաինայի ԶՈՒ-ն, հնարավոր է, որ մտել է ՌԴ Բելգորոդի շրջանի Պորոզ գյուղ
Ուկրաինայի զինված ուժերը կարող էին գրավել Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Պորոզ գյուղը, հայտնում են ուկրաինական ռազմական Telegram ալիքները և ռուսաստանյան հանրային կայքերը։ Մասնավորապես, «Записки ветерана» Telegram ալիքը գրում է, որ հրետանու աջակցությամբ ուկրաինական դիվերսիոն հետախուզական խումբ է մտել Պորոզ։ Այս թեմայով բոլոր հրապարակումներն ուղեկցվում են տեսանյութով, որտեղ Ուկրաինայի և Վրաստանի դրոշներով զինվորականները կանգնած են Պորոզի գյուղական ակումբի մոտ։
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը, մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է, որ «հակասական տեղեկություններ» են գալիս Պորոզ գյուղից։ «Մի կողմից բոլորս տեսանք տեսահոլովակը, որը նկարահանվել է գյուղական մշակութային կենտրոնի ֆոնին, մյուս կողմից՝ հենց նոր հեռացած բնակիչներն ասում են, որ թշնամուն չեն տեսել և կրակոցներ չեն լսել»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նահանգապետը։
«Իրավիճակը ճիշտ հասկանալու համար , իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք պարզեն այն,- նշել է Գլադկովը։- Այս պահին տարածաշրջանում հայտարարված հակաահաբեկչական գործողության ռեժիմի շրջանակներում Պորոզ գյուղ մուտքը փակ է»։
Պորոզ գյուղը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից երկու կիլոմետր հեռավորության վրա։ «Новости Белгорода» տելեգրամյան ալիքը օգոստոսի 10-ի առավոտյան հայտնել է, որ բնակավայրը գնդակոծության տակ է։
Օգոստոսի 9-ից Բելգորոդում, ինչպես նաև Կուրսկի և Բրյանսկի շրջաններում գործում է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի շարունակվող հարձակման պատճառով։ Տարածաշրջանում օգոստոսի 6-ին սկսված մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է վերահսկողության տակ առնել Ռուսաստանի առնվազն 100 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ տասնյակ ռուսաստանցի զինվորականներ գերի են ընկել, գրում է Moscow Times-ը։