ՊՆ-ի խնդրանքը մերժվել է. Ոստիկանական գվարդիան չի մասնակցի Հայաստանի պաշտպանությանը
- Lilit

- May 5, 2024
- 2 min read

Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը թեև տարբեր առիթներով հայտարարում է՝ չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանն ինչ-որ փուլում կդադարի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել, որ Ադրբեջանի օգտին զիջումների վերջը չի երևում և հայտնի չէ, թե որ կետում կանգ կառնեն, Կառավարության մակարդակով շարունակում են կայացնել որոշումներ, որոնք թուլացնում են Հայաստանի պաշտպանունակությունը։
Խոսքն այս դեպքում վերաբերում է Կառավարության ընդունած մի որոշման, որով այսուհետև ոստիկանական զորքերը կապառազմականացվեն, կդառնան ոստիկանական գվարդիա, որը չի մասնակցի Հայաստանի դեմ ծավալված ռազմական գործողություններին։
Եթե անգամ Հայաստանի սահմանների ուղղությամբ ադրբեջանական զորքն անցնի հարձակման, այդ գվարդիայի ծառայողներն ազատված են լինելու Հայաստանի սահմանը պաշտպանելու պարտավորությունից. նրանք պետք է զբաղվեն իրենց բուն գործով. օրինակ՝ եթե երկրի ներսում հավաքներ լինեն, պետք է ապահովեն հավաքների, երթերի բնականոն ընթացքը, պաշտպանեն հասարակական կարգը՝ նաև ռազմական և արտակարգ դրության պայմաններում, ինչպես նաև իրականացնեն պետական կարևոր նշանակության օբյեկտների պահպանությունը։
Գվարդիայի ծառայողներն իրավասու են իրականացնել ձերբակալում, շենքերի շրջափակում և ուժային միջոցների գործադրում, տվյալ դեպքում՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրում, և այս ամենը՝ ոչ թե Հայաստանի սահմանի մոտ կանգնած թշնամու դեմ, այլ, օրինակ, Երևանում, բողոքի ակցիա իրականացնողների։
Գվարդիայի հատուկ միջոցներն են՝ մահակները, լուսային և ձայնային նռնակները, ծխանռնակները, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, արցունքաբեր և գրգռիչ գազով ձեռքի սրվակները, ծառայողական շները և այլն։ Գվարդիայի ծառայողը կարող է նաև հրազեն կիրառել։
Ոստիկանության գվարդիայի ստեղծման արդյունքում զինված ուժերը զրկվելու են ոստիկանության գումարտակներից: Պաշտպանության նախարարությունը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված խնդիրների (օրինակ՝ անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտում, կանխում և խափանում) և պաշտպանությանն առնչվող այլխնդիրների կատարման անհրաժեշտությունից ելնելով՝ նպատակահարմար է համարել ոստիկանության գվարդիան ներառել «այլ զորքեր»-ի կազմում:
Այսինքն՝ ՊՆ-ն առաջարկել է Հայաստանի սահմաններին անօրինական զինված խմբավորումների գործունեության, ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների բացահայտման կանխման համար օգտագործել ոստիկանական գվարդիան։
Պաշտպանության նախարարության այս կարևոր առաջարկը, որը բխում է Հայաստանի սահմանների անվտանգությունից, Կառավարությունը մերժել է, և «Ոստիկանական գվարդիան», անգամ Հայաստանի դեմ պատերազմի պարագայում, չի մասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։




















