top of page

Եգիպտական անապատում հայտնաբերվել է Բյուզանդական կայսրության դարաշրջանի շքեղ կորուսյալ քաղաք

  • 2 hours ago
  • 1 min read


Առաջին հայտնագործությունը կատարվել է Դահլա օազիսում՝ Եգիպտոսի Նյու Վելի նահանգի արևմտյան հատվածում։ Հնագետների տվյալներով՝ բնակավայրը թվագրվում է IV դարով, երբ Եգիպտոսը Բյուզանդական կայսրության կազմում էր, հայտնել է Associated Press-ը։

Համալիրի ներսում բացահայտվել է լավ մտածված քաղաքաշինական հատակագիծ․ հյուսիսից հարավ ուղղված փողոցները հատվում են լայնակի մայրուղիներով՝ ձևավորելով բաց հրապարակներ և հանրային տարածքներ։ Բնակավայրի հյուսիսային մասում գտնվել է IV դարի կեսերի բազիլիկա, ինչպես նաև երկու պահակային աշտարակների մնացորդներ, որոնք նախատեսված էին ծայրամասերի պաշտպանության համար։

Հայտնաբերված օբյեկտների թվում են՝ հաստ պատերով ամրացված բնակելի շենքեր, ընդունելության սրահներով և թաղակապ ծածկերով սենյակներ, ինչպես նաև այսպես կոչված «Տիսոսի տունը», որը, հետազոտողների կարծիքով, կարող էր օգտագործվել որպես տնային եկեղեցի մինչև բազիլիկայի կառուցումը։

Հնագետները նաև գտել են հաց թխելու վառարաններ, խոհանոցային սենյակներ, աղացքարեր, բյուզանդական կայսրերի բրոնզե մետաղադրամներ, լատիներեն արձանագրություններ և քրիստոնեական խորհրդանիշներ։ Առանձնահատուկ արժեք են ներկայացնում շուրջ 200 խեցե բեկորները (օստրակոններ), որոնց վրա կան գրառումներ առևտրային գործարքների, նամակագրության և առօրյա կյանքի մասին։

Երկրորդ հայտնագործությունը կատարվել է Մարինա էլ-Ալամեյն հնագիտական տարածքում՝ Ալեքսանդրիայից մոտ 100 կիլոմետր արևմուտք։ Այստեղ հայտնաբերվել են 18 հին դամբարաններ, այդ թվում՝ ժայռի մեջ փորված 11 գերեզմաններ՝ մինչև 8 մետր խորությամբ, և 7 վերգետնյա քարե դամբարաններ։ Այս տարածքում հայտնաբերված դամբարանների ընդհանուր թիվը հասել է 48-ի։ Գերեզմանների ներսում հայտնաբերվել են խեցեղեն, անոթներ, ճրագներ, զոհասեղաններ և կրաքարե անոթներ։

Հետազոտողների առանձնահատուկ ուշադրությունն է գրավել 2,5 մետր երկարությամբ գրանիտե սարկոֆագը՝ մարդկային մնացորդներով, ինչպես նաև դրա կողքին գտնվող գիպսե սֆինքսի արձանը։ Որոշ գերեզմաններում հայտնաբերվել են մահացածների բերաններում դրված ոսկե առարկաներ, ինչը կապված է թաղման ծեսի հետ, որը հայտնի է որպես «ոսկե լեզու»։

Մարինա էլ-Ալամեյնը ներկայացնում է անտիկ հունա-հռոմեական Լեուկասպիս նավահանգստային քաղաքի մնացորդները, որը գոյություն է ունեցել II-IV դարերում։ Եգիպտոսի իշխանություննենը ընդգծել են, որ նման գտածոները մեծացնում են հետաքրքրությունը երկրի նկատմամբ՝ որպես հնագիտական զբոսաշրջության համաշխարհային կենտրոններից մեկի։

1/3476
bottom of page