Հռոմի պապը պատասխանել է Թրամփի մեղադրանքներին
- 1 hour ago
- 1 min read

Հռոմի Լևոն XIV պապը հայտարարել է, որ կշարունակի խաղաղության կոչեր անել՝ ի հեճուկս քննադատություններին, հայտնում է Reuters-ը:
«Եկեղեցու առաքելությունն է քարոզել Ավետարանը, քարոզել խաղաղություն: Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ Ավետարանը քարոզելու համար... Ես պարզապես հույս ունեմ, որ ինձ կլսեն Աստծո խոսքերի արժեքի համար»,- ասել է Հռոմի պապը:
Ավելի վաղ Թրամփը պահպանողական ռադիոյի թոք-շոուի հաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հռոմի պապը «վտանգի տակ է դնում բազմաթիվ կաթոլիկների և շատ մարդկանց», քանի որ նա «կարծում է, թե նորմալ է, որ Իրանը միջուկային զենք ունի»:
Հռոմի պապը չի հայտարարել, թե աջակցում է Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը:
Ավելի վաղ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին նույնպես պատասխանել էր ԱՄՆ նախագահի մեղադրանքներին՝ հայտարարելով, որ դրանք անընդունելի են և չեն նպաստում խաղաղության գործին:




















