top of page

Մայր Աթոռը դատապարտել է Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացումը

  • 3 hours ago
  • 1 min read

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել. «Վրդովմունքով տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցին և հարակից տարածքում գտնվող խաչքարերն ու կոթողները, որոնք ըստ ադրբեջանական աղբյուրների իբրև թե անօրինական և ապամոնտաժման ենթակա կառույցներ էին: Խիստ մտահոգիչ են նաև Ստեփանակերտի Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացման վերաբերյալ ստացվող տեղեկությունները։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հետևողական ոչնչացումը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից։


Պետական մակարդակով իրագործվող այս վանդալիզմը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը որևէ փոփոխություն չի կրել, որով և կասկածելի են դառնում Հայաստանի հետ կայուն ու երկարատև խաղաղություն հաստատելու մասին հայտարարությունները։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում ՀՀ կառավարության ղեկավարին և իշխանության ներկայացուցիչներին հրատապ ու գործուն քայլեր ձեռնարկել՝ կանխելու Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության համակարգված յուրացումն ու ոչնչացումը։


Կոչ ենք անում նաև մշակութային ժառանգության պահպանությամբ, տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցությամբ և փոխգործակցությամբ շահագրգիռ բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին ազդու միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու մշակութային ոճրագործություններն Արցախում»։

1/3330
bottom of page